SpaceX-ը ՄՏԿ է ուղարկել տիեզերանավ, որում կան զբոսաշրջիկներ, նաև առաջին թուրք տիեզերագնացը

19 հունվարի, 2024  10:15

SpaceX-ը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղարկել Crew Dragon տիեզերանավը, որում կան նաև տիեզերական զբոսաշրջիկներ։ Տիեզերանավում է գտնվում նաև առաջին թուրք տիեզերագնացը: Արձակումը տեղի է ունեցել Axiom Mission 3 (Ax-3) ծրագրի շրջանակում:

Տիեզերանավը արձակվել է Falcon 9 հրթիռի միջոցով Ֆլորիդայում տեղակայված Քենեդիի անվան արձակման համալիրից: Ըստ SpaceX-ի տարածած հաղորդագրության՝ ուղեծրային լաբորատորիայում գտնվելու ընթացքում անձնակազմը պետք է «անցկացնի ավելի քան 30 գիտական ​​փորձ՝ ուղղված մարդու ֆիզիոլոգիայի և արդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացին»:

Անձնակազմը բաղկացած է չորս մարդուց՝ NASA-ի նախկին տիեզերագնաց Միքայել Լոպես-Ալեգրիան, Իտալիայի ռազմաօդային ուժերի գնդապետ Վալտեր Վիլադեյը, շվեդ Մարկուս Վանդտը և Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչու Ալպեր Գեզերավչին, որը դարձել Թուրքիայի պատմության մեջ առաջին տիեզերագնացը։

SpaceX-ը ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացներով իր առաջին տիեզերանավն արձակել է 2021-ի սեպտեմբերին: Տիեզերանավում եղել էր չորս մարդ։ Նրանք Crew Dragon տիեզերանավով թռչել էին Երկրի ուղեծիր և այնտեղ անցկացրել երեք օր՝ գիտական ​​հետազոտություններ կատարելով:

2012-ին SpaceX-ի Dragon տիեզերանավն առաջին կոմերցիոն տիեզերանավն էր, որը օգտակար բեռ էր հասցրել ՄՏԿ, իսկ այնտեղից՝ Երկիր: 2023-ի սեպտեմբերին Crew Dragon-6 տիեզերանավը ՄՏԿ-ից վերադարձրեց չորս հոգուց բաղկացած անձնակազմ։


 
 
 
 
  • Արխիվ