Քվանտային համակարգիչների պատճառով կիբեռանվտանգության ոլորտում կարող է արմագեդոն տեղի ունենալ․ IBM

18 հունվարի, 2024  20:18

Քվանտային համակարգիչները մինչև 2030-ը կկարողանան վերացնել ցանկացած գաղտնագրման համակարգ, որը գոյություն ունի այսօր։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է IBM տեխնոլոգիական ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գլխավոր մենեջեր Անա Պաուլա Ասիսը, տեղեկացնում է Bloomberg-ը։

Անա Պաուլա Ասիսը զգուշացրել է քվանտային պրոցեսորների պատճառով «կիբեռանվտանգության ոլորտում արմագեդոնի» վտանգի մասին։

Նոր քվանտային տեխնոլոգիաները զգալիորեն մեծացնում են համակարգիչների հզորությունը՝ հաշվարկները զուգահեռաբար, այլ ոչ թե հաջորդաբար կատարելու շնորհիվ:

Որոշ կառավարություններ սկսել են լրջորեն վերաբերվել այս սպառնալիքին։ ԱՄՆ Սենատը 2022-ին միաձայն ընդունել է օրինագիծ, որն ուղղված է տվյալների գաղտնագրման համար քվանտային համակարգիչների սպառնալիքի վերացմանը։

Փորձագետների կարծիքով, ընկերությունների և ձեռնարկությունների մեծ մասը դեռ պատրաստ չէ օգտագործել քվանտային մեքենաներ և հակազդել դրանց աշխատանքի հնարավոր խափանումներին։

Արհեստական ​​բանականության և քվանտային հաշվարկների SandboxAQ ընկերության գործադիր տնօրեն Ջեք Հիդարին կարծում է, որ բանկերից 8-10 տարի կպահանջվի հետքվանտային արձանագրություններին անցնելու համար: Մինչդեռ մասշտաբային քվանտային համակարգիչները հասանելի կլինեն 5-6 տարի հետո։ Այս ընթացքում վտանգի տակ կլինի այն ամենը, ինչն օգտագործում է գաղտնագրումը՝ էլեկտրոնային առևտրից մինչև առցանց բանկինգ:

Փորձագետը հավելել է, որ քվանտային հաշվարկները սպասվածից ավելի արագ են զարգանում։


 
 
 
 
  • Արխիվ