Hubble-ը նոր լուսանկար է արել, որում երևում է երկու գալակտիկաների միաձուլումը

17 հունվարի, 2024  22:25

Hubble տիեզերական աստղադիտակը գալակտիկական բախումը պատկերող ցնցող լուսանկար է արել․ լուսանկարում երևում է երկու գալակտիկաների միաձուլման դինամիկ գործընթացի տեսարանը, որը տեղի է ունենում Երկրից մոտ 570 մլն լուսատարի հեռավորության վրա։

Առաջին հայացքից թվում է, թե սա մեկ գալակտիկա է, սակայն իրականում դրանք երկու տարբեր գալակտիկաներ են՝ NGC 6040-ը և LEDA 59642-ը, որոնք բախվում են միմյանց պարուրաձև ընթացքով։ Այս գալակտիկաները միասին կազմում են Arp 122 գալակտիկան։

Այս իրադարձությունը երկար գործընթաց է, որը տեղի է ունենում ժամանակային դանդաղ ինտերվալով: Օրինակ՝ մեր գալակտիկան պատրաստվում է բախվել հարևան Անդրոմեդա գալակտիկայի (M31) հետ, սակայն դրանց հանդիպմանը դեռ մոտ 4 միլիարդ տարի կա: Այս լուսանկարում պատկերված մոդելի բախումը կարող է միլիոնավոր տարիներ տևել: Տիեզերքում հսկայական հեռավորությունները դա դարձնում են ձգձգվող իրադարձություն:

hubble-captures-a-mons_large.jpg (88 KB)

Գալակտիկաները աստղերի, արեգակնային համակարգերի, փոշու և գազի և մութ նյութի կլաստերներ են: Գալակտիկաների բախումների և միաձուլումների ժամանակ գրավիտացիոն ուժերը գործում են այդ բաղադրիչների վրա՝ առաջացնելով դրանց կառուցվածքի և ձևի փոփոխություններ։ Հենց նման գործընթացների արդյունքում է, որ գալակտիկաները նոր տեսք են ստանում կամ ամբողջովին միաձուլվում են՝ ստեղծելով նոր գոյացություն։ Նման արդյունք է սպասվում նաև լուսանկարում ներկայացված գործընթացի համար:

Միաձուլման արդյունքում առաջացող գալակտիկաները սովորաբար ունենում են էլիպսաձեւ կառուցվածք, քանի որ միաձուլման գործընթացը ոչնչացնում է պարուրաձև գալակտիկաներին բնորոշ ավելի բարդ կառուցվածքները։ Հավանաբար այսպիսի տեսք կունենա Arp 122 գալակտիկան այս բախումից հետո: Այնուամենայնիվ, շատ երկար հարկավոր կլինի սպասել այս փոխակերպման ողջ գործընթացին հետևելու համար։


 
 
 
 
  • Արխիվ