Աստղագետները հայտնաբերել են անբացատրելի ազդանշան, որն ստացվում է այլ գալակտիկայից

16 հունվարի, 2024  22:24

NASA-ի աստղագետները, վերլուծելով Fermi գամմա-ճառագայթների տիեզերական աստղադիտակի վերջին 13 տարիների տվյալները, հայտնաբերել են մեր գալակտիկայի սահմաններից դուրս գտնվող տարածքից եկող անսպասելի ազդանշան, որի ծագումը նրանք չեն կարողանում բացատրել: NASA-ի Տիեզերական թռիչքների կենտրոնից Ֆրենսիս Ռեդին այս երևույթն անվանել է «անսպասելի և դեռևս չբացատրված յուրահատուկ երևույթ մեր գալակտիկայից դուրս»:

Fermi աստղադիտակը դիտարկում է իրականացնում գամմա ալիքների տիրույթում, որոնք առաջանում են հզոր էներգիայի արտանետումների ժամանակ, ինչպիսիք են գերնոր աստղերի պայթյունները: Գիտնականներն աստղադիտակի տվյալներն ուսումնասիրել են, այսպես կոչված, տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման մասին ավելի շատ պատկերացում կազմելու համար: Սովորաբար, ֆոնային ճառագայթումն ունի դիպոլային կառուցվածք, որի մի կողմն ավելի տաք է, քան մյուսը: Աստղագետները կարծում են, որ դա պայմանավորված է Արեգակնային համակարգի տեղաշարժով:

Տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման ակնկալվող կառուցվածքի փոխարեն հետազոտողները հայտնաբերել են ազդանշան, որը պարունակում է երբևէ հայտնաբերված էներգետիկ ամենահզոր տիեզերական մասնիկներից մի քանիսը: «Սա բոլորովին պատահական հայտնագործություն է»,- ասել է Մերիլենդի համալսարանի և NASA-ի տիեզերական թռիչքների կենտրոնի տիեզերաբան Ալեքսանդր Կաշլինսկին: «Մենք շատ ավելի ուժեղ ազդանշան գտանք երկնքի այլ հատվածում, քան այն, ինչ փնտրում էինք»:

Ուսումնասիրության արդյունքները նկարագրող հոդվածն այս շաբաթ հրապարակվել է The Astrophysical Journal Letters ամսագրում: «Մենք գտանք գամմա-ճառագայթների դիպոլ, բայց դրա գագաթնակետը հարավային երկնքում է՝ տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումից հեռու, և դրա մեծությունը տասն անգամ ավելի մեծ է, քան մենք սպասում էինք»,- ասել է NASA-ի աստղաֆիզիկոս Քրիս Շրեյդերը:

Գիտնականները կարծում են, որ դիտարկված երևույթը կապ ունի նմանատիպ տիեզերական գամմա ճառագայթման հետ, որը նախկինում գրանցել էր Արգենտինայի Pierre Auger աստղադիտարանը 2017-ին: Աստղագետները կարծում են, որ երկու երևույթները կարող են ընդհանուր ծագում ունենալ՝ հաշվի առնելով այն, որ դրանք իրար նման կառուցվածք ունեն: Նրանք հույս ունեն հետագայում գտնել ազդանշանի առեղծվածային աղբյուրը կամ մշակել այլընտրանքային բացատրություններ երկու երևույթների համար:

NASA-ի անսպասելի բացահայտումը կարող է օգնել աստղագետներին հաստատելու կամ հերքելու գաղափարները, թե ինչպես է ստեղծվում տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման դիպոլային կառուցվածքը: «Ֆոնային ճառագայթման դիպոլի չափի և ուղղության միջև եղած անհամապատասխանությունը կարող է մեզ պատկերացում տալ ֆիզիկական գործընթացների մասին, որոնք տեղի են ունեցել շատ վաղ տիեզերքում»,- ասել է հետազոտության հեղինակ Ֆերնանդո Ատրիո-Բարանդելան։ 


 
 
 
 
  • Արխիվ