ԱԲ-ը կարող է ազդել գլոբալ աշխատատեղերի մոտ 40%-ի վրա, դրանց մի մասը կարող է վերանալ․ ԱՄՀ

15 հունվարի, 2024  16:08

Ամբողջ աշխարհում աշխատատեղերի գրեթե 40%-ը կարող է տուժել արհեստական բանականության (ԱԲ) աճի հետևանքով և այս մի միտումը, հավանաբար, կխորացնի անհավասարությունը, այս մասին բլոգային գրառման մեջ զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան՝ կառավարություններին կոչ անելով ստեղծել սոցիալական ապահովության փրկօղակներ և առաջարկել վերապատրաստման ծրագրեր՝ հակազդելու ԱԲ-ի ազդեցությանը:

«Սցենարների մեծ մասի դեպքում ԱԲ-ը, ամենայն հավանականությամբ, կվատթարացնի ընդհանուր անհավասարությունը, մտահոգիչ միտում, որով քաղաքականություն մշակողները պետք է ակտիվորեն զբաղվեն, որպեսզի կանխեն տեխնոլոգիայի հետևանքով հետագայում սոցիալական լարվածության առաջացումը»,- գրել է նա Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ, որտեղ ԱԲ-ն օրակարգային առաջնային է թեմաներից մեկն է լինելու:

Գեորգիևան նշել է, թե քանի որ ԱԲ-ն շարունակում է հարմարեցվել ավելի շատ աշխատողների և ձեռնարկությունների կողմից, ակնկալվում է, որ այն և՛ կօգնի, և՛ վնաս կհասցնի մարդկային աշխատուժին:

Կրկնելով այլ փորձագետների նախորդ նախազգուշացումները՝ Գեորգիևան նշել է, որ ԱԲ-ի ազդեցությունն ավելի սուր կզգացվի զարգացած տնտեսություններում, քան զարգացող շուկաներում, մասամբ այն պատճառով, որ գրասենյակային աշխատողներն ավելի շատ են վտանգի տակ, քան ֆիզիկական աշխատանք կատարողները։

Ավելի զարգացած տնտեսություններում, օրինակ, ԱԲ-ն կարող է ազդել աշխատատեղերի 60%-ի վրա: Նրանց մոտ կեսը կարող է օգուտ քաղել այն բանից, թե ինչպես է ԱԲ-ն նպաստում բարձր արտադրողականությանը:

«Մյուս կեսի համար ԱԲ հավելվածները կարող են կատարել մարդկանց կողմից ներկայումս կատարվող հիմնական առաջադրանքները, որոնք կարող են նվազեցնել աշխատուժի պահանջարկը՝ հանգեցնելով աշխատավարձերի նվազմանը և աշխատանքի ընդունման գործընթացի նվազմանը»,- գրել է Գեորգիևան՝ վկայակոչելով ԱՄՀ-ի վերլուծությունը և հավելել․ «Ամենածայրահեղ դեպքերում այս աշխատատեղերից մի մասը կարող է անհետանալ»:

Ըստ ԱՄՀ գնահատականների՝ ակնկալվում է, որ ԱԲ-ն զարգացող երկրներում և ցածր եկամուտ ունեցող երկրներում կազդի աշխատատեղերի համապատասխանաբար 40% և 26%-ի վրա: Զարգացող երկրներից են Հնդկաստանը և Բրազիլիան, որոնք կայուն տնտեսական աճ ունեն,  ցածր եկամուտ ունեցող երկրներից են Բուրունդին, Սիերա Լեոնեն և այլն։

«Այդ երկրներից շատերը չունեն ենթակառուցվածք կամ հմուտ աշխատուժ՝ օգտվելու ԱԲ-ի առավելություններից, ինչը մեծացնում է վտանգը, որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիան կարող է վատթարացնել անհավասարությունը»,- նշել է Գեորգիևան։

Նա նաև զգուշացրել է, որ ԱԲ-ի օգտագործումը կարող է մեծացնել սոցիալական անկարգությունների հավանականությունը, հատկապես, եթե երիտասարդ, նվազ փորձառու աշխատողները կիրառեն այս տեխնոլոգիան խթանելու համար իրենց արտադրանքը, մինչ ավելի մեծ տարիքի աշխատողները պայքարում են ծայրը ծայրին հասցնելու համար:


 
 
 
 
  • Արխիվ