Ամերիկյան Peregrine տիեզերանավը չի կարող վայրէջք կատարել Լուսնի վրա և վերադառնում է Երկիր․ այն կայրվի դրա մթնոլորտում

15 հունվարի, 2024  17:32

Ամերիկյան Astrobotic ընկերության Peregrine սարքը, որը պետք է վայրէջք կատարեր Լուսնի վրա, սակայն դեպի թիրախը շարժվելիս մեծ քանակի վառելիք էր կորցրել, չի կարող վայրէջք կատարել Լուսնի վրա և այս պահին վերադառնում է Երկիր։ Սարքի մշակողները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, սարքը կկարողանա հասնել մեր մոլորակ, որից հետո այն կայրվի Երկրի մթնոլորտում։

Peregrine լուսնային մոդուլը տիեզերք է արձակվել հունվարի 8-ին, սակայն Լուսնի ուղեծիր մտնելուց անմիջապես հետո վառելիքի կորուստ է ունեցել շարժիչի համակարգի անսարքության պատճառով: Եվ չնայած սարքը գտնվում է ուղեծրում, որը թույլ է տվել նրան հասնել Լուսին, մեր մոլորակի արբանյակի մակերեսին վայրէջքի մասին խոսք չկա, քանի որ դրա համար բավարար վառելիք Peregrine-ն չունի։ Astrobotic-ը հաստատել է, որ Peregrine-ի փափուկ վայրէջքն անհնար է։

«Իրավիճակը վերլուծելու մեր հնարավորությունները բարդացան վառելիքի կորստի պատճառով, որն ավելացրեց անորոշություն մեքենայի հետագիծը կանխատեսելիս: Ըստ վերջին գնահատականների՝ տիեզերանավը շարժվում է դեպի Երկիր, որտեղ այն հավանաբար կայրվի մթնոլորտում»,- ասվում է Astrobotic-ի հայտարարությունում:

Հայտարարությունում նաև ասվում է, որ Astrobotic-ի թիմը «ներկայումս գնահատում է տարբերակները», և ընկերությունը լրացուցիչ հայտարարություն կանի նոր տեղեկություններ ունենալուն պես: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վառելիքի կորուստը դանդաղել է, ինչի պատճառով Peregrine-ն կարողացել է ավելի երկար աշխատել, քան սպասվում էր այն ժամանակ, երբ խնդիրը հայտնաբերվեց։ Այս պահին սարքը գտնվում է Երկրից մոտ 389,000 կմ հեռավորության վրա։


 
 
 
 
  • Արխիվ