Ինժեներներն առաջարկել են Լուսնի վրա լազերային ռեֆլեկտորներ տեղադրել․ ինչի՞ համար են դրանք

15 հունվարի, 2024  23:09

NASA-ի ինժեներներն առաջարկել են Լուսնի վրա լազերային անկյունային ռեֆլեկտորների համակարգ ստեղծել՝ ապագայում արբանյակի մակերեսին տիեզերանավերի վայրէջքները հեշտացնելու համար: Նախաձեռնությունն ստացել է Lunar Retroreflector Array (LRA) կամ Lunar Retroreflector Network անվանումը։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ռեֆլեկտորները փոքր գմբեթաձև սարքեր են՝ ութ ապակե պրիզմաներով: Այդպիսի մեկ սարքը կշռում է ընդամենը 20 գրամ և սնուցում չի պահանջում։

Հայտնվելով Լուսնի վրա՝ դրանք կարտացոլեն լազերային բարձրաչափերի և օպտիկական ռադարների ճառագայթները տիեզերանավերի վրա, ինչը վայրէջք կատարող սարքերին հնարավորություն կտա ավելի ճշգրիտ կողմնորոշվել տարածքում և ընտրել վայրէջքի համար լավագույն վայրերը:

moon 1.JPG (45 KB)

Ռեֆլեկտորային ապագա ցանցի առաջին բաղադրիչը Լուսին է հասցվել հնդկական Chandrayaan-3 տիեզերանավով անցյալ տարվա օգոստոսին։

NASA-ն LRA-ի մեկ տարր Լուսին է ուղարկել Astrobotic մասնավոր ընկերության Peregrine վայրէջքի սարքի միջոցով, սակայն այն դժվար թե հասնի իր նպատակին, քանի որ արձակման վթարի պատճառով մոդուլը զրկվել է անհրաժեշտ վառելիքից:

Տիեզերական գործակալությունը հույս ունի ավելի շատ LRA սարքեր ուղարկել Լուսին հետագա առաքելությունների միջոցով, որոնցից ամենամոտ ժամկետում պետք է իրականացնի ճապոնական SLIM վայրէջքի սարքը: Եթե ​​ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա տիեզերանավը Լուսնի մակերեսին վայրէջք կկատարի հունվարի 20-ին։


 
 
 
 
  • Արխիվ