Առաջին անգամ լազերի օգնությամբ գիտնականներն այլմոլորակայիններին հրավիրել են այցելել Երկիր՝ որպես զբոսաշրջիկ

11 հունվարի, 2024  16:17

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքի գիտնականների և լեզվաբանների ամերիկյան խումբը ձայնագրել և տիեզերք է ուղարկել իր տեսակի մեջ առաջին գովազդը այլ մոլորակների հնարավոր բնակիչների համար՝ նրանց կոչ անելով որպես զբոսաշրջիկ այցելել Երկիր մոլորակ, և մասնավորապես Լեքսինգթոն: Այս մասին հայտնում է Space.com կայքը։

Հաղորդագրությունը պարունակում է Կենտուկիի լեռնոտ լանդշաֆտի կոդավորված պատկեր, մարդկային կերպարներ և ձիեր, ինչպես նաև ջրի, էթիլային սպիրտի և երջանկության դոֆամին հորմոնի մոլեկուլների գծապատկերներ: Վերջին մասը պայմանավորված է նրանով, որ Կենտուկին հայտնի է բուրբոնի իր արդյունաբերությամբ:

Ազդանշանն ուղարկվել է ինֆրակարմիր լազերի միջոցով TRAPPIST-1 աստղային համակարգ, որը գտնվում է Երկրից 40 լուսային տարի կամ 378 տրիլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Փորձագետներն ընտրել են TRAPPIST-1-ը, քանի որ այն պարունակում է մեծ թվով պոտենցիալ բնակելի մոլորակներ: Գովազդն իր նպատակակետին կհասնի մինչև 2063-ը։

«Մենք թիրախավորում ենք TRAPPIST-1 համակարգը, քանի որ այնտեղից կարող ենք պատասխան ստանալ մեկ մարդու կյանքի ընթացքում, պայմանով, որ մեր հաղորդագրությունն իրականում ստացվի և վերծանվի ինչ-որ մեկի կողմից»,- ասել է աստղակենսաբան և այլմոլորակային կյանքի որոնման մասնագետ Ռոբերտ Լոդերը:

Երկիրը այլմոլորակայիններին գովազդելու նախագիծը պատրաստել են Լեքսինգթոնի առաջխաղացմամբ զբաղվող VisitLEX զբոսաշրջային թիմն ու Cornett գովազդային գործակալությունը։


 
 
 
 
  • Արխիվ