Նմուշներ Վեներայից և միջաստղային զոնդեր. տիեզերական հետազոտության ի՞նչ տեխնոլոգիաներ կֆինանսավորի NASA-ն 2024-ին

10 հունվարի, 2024  20:26

NIAC նախագծի առաջին փուլի շրջանակում 2024-ի համար NASA-ն ֆինանսավորում է հատկացրել  տիեզերական նորարար տեխնոլոգիաների 13 գաղափարների համար, որոնք կարող են ձևավորել ապագա առաքելությունները դեպի Վեներա, Մարս և մեր արեգակնային համակարգից դուրս գտնվող աշխարհներ: Առաջին փուլի նախագծերից յուրաքանչյուրը կստանա մինչև 175,000 ԱՄՆ դոլար։

NIAC (NASA Innovative Advanced Concepts) տիեզերական գործակալության ծրագիրը նպատակ ունի զարգացնել ամերիկացի նորարարների և ձեռնարկատերերի վաղ փուլի տեխնոլոգիական գաղափարները։

«Բոլոր համարձակ առաքելությունները, որոնք NASA-ն ստանձնում է ի շահ մարդկության, սկսվում են որպես զուտ գաղափար, և NIAC-ը պատասխանատու է այս գաղափարներից շատերի ոգեշնչման համար,- ասվում է NASA-ի ադմինիստրատորի օգնական Ջիմ Ֆրիի հայտարարությունում,- Մարսի վրա թռչող Ingenuity ուղղաթիռը և MarCO առաքելության հեռավոր տիեզերքում գտնվող գործիքները ծագել են NIAC-ից՝ ապացուցելով, որ ստեղծագործական գաղափարից դեպի հաջող առաքելություն կա ճանապարհ: Թեև այս գաղափարներից ոչ բոլորն են հաջողակ, NASA-ն և մեր գործընկերներն ամբողջ աշխարհում կարող են որդեգրել որոշ նոր մոտեցումներ և ի վերջո կարող են սկսել կիրառել NIAC-ի շրջանակում մշակված տեխնոլոգիաները»:

NIAIC ծրագրի այս տարվա հաղթողներից են ինքնավար տրիտիումով աշխատող սենսորները մութ և սառը միջավայրերն ուսումնասիրելու համար, ինչպիսին է Լուսինը, Վեներայից Երկիր փորձանմուշները վերադարձնելու առաքելությունը, առաջադեմ օդային առաքելությունը դեպի Մարս և մեր ամենամոտ միջաստղային հարևան մոլորակը՝ Պրոքսիմա Կենտավրոսն ուսումնասիրելու նպատակով տիեզերանավ ուղարկելու առաքելությունը։

Այս բոլոր նախագծերը դեռ գտնվում են գաղափարի զարգացման շատ վաղ փուլերում և, հետևաբար, NASA-ի պաշտոնական առաքելություններ չեն, սակայն դրանք, ըստ գործակալության փորձագետների, ապագայում քննարկվելու և առևտրայնացման ներուժ ունեն:

Ամենահետաքրքիր գաղափարներից մեկը Վեներայի մակերևույթից՝ Արեգակնային համակարգի մոլորակային ամենաանբարենպաստ միջավայրից, նմուշի վերադարձն է, որի ժամանակ կօգտագործվի ածխածնի երկօքսիդի հրթիռային նորարարական տեխնոլոգիա մոլորակի տաք մթնոլորտից վառելիք արտադրելու համար: Մեկ այլ հայեցակարգ, որը կոչվում է Mars Aerial and Ground Intelligent Explorer (MAGGIE), նպատակ ունի ավելի ամբողջական պատկերացում կազմել Կարմիր մոլորակի մասին՝ մոլորակի ամբողջ մակերեսն ուսումնասիրելու միջոցով:

Մեկ այլ գաղափար ներառում է փոքրիկ զոնդերի պարսի թռիչքը դեպի Երկրին ամենամոտ էկզոմոլորակը՝ Պրոքսիմա Կենտավրոս բ-ն: Առաքելությունը կներառի հազարավոր զոնդեր, որոնք կգործեն միմյանց հետ համահունչ, ինչը դրանց հնարավորություն կտա ստեղծել օպտիկական ազդանշան, որը բավականաչափ ուժեղ է, որպեսզի տեղեկություններ փոխանցի միջաստղային տարածության հսկայական տարածություններով դեպի Երկիր: Դրա շնորհիվ հնարավոր կլինի մոտ տարածությունից ուսումնասիրել պոտենցիալ բնակելի էկզոմոլորակը։ 

2024-ին NIAC-ի ափաջին փուլի դրամաշնորհների համար ընտրված այլ գաղափարներից են ջրի արդյունահանումը և դետոքսիկացիան Մարսի վրա, միջուկային էներգիայով աշխատող հրթիռների նախագծումը, աստղադիտակների ցանցը Լուսնի վրա, արբանյակների օգտագործումը տիեզերական հեռավորության չափումները բարելավելու համար, վառելիքի երկարաժամկետ պահեստավորումը, ջրի տրոհման տեխնոլոգիան, Միջազգային տիեզերակայանում միկրոձգողականության լաբորատոր հիբեռնացիան և օպտիկամանրաթելային արբանյակային թեթև ալեհավաքները։ 


 
 
 
 
  • Արխիվ