Նոր Mass Effect-ը մշակման փուլում է. ի՞նչ է մեզ ցուցադրել BioWare-ը թիզերում

8 նոյեմբերի, 2022  12:25

Ի պատիվ N7 օրվա՝ Mass Effect վիդեոխաղի ֆրենչայզի ոչ պաշտոնական տոնի, Electronic Arts ընկերությունը և BioWare ստուդիան ներկայացրել են դերային՝ բառիս բոլոր իմաստներով ֆանտաստիկ խաղի հաջորդ մասի նոր թիզերը։

Ինչի՞ մասին է լինելու նոր Mass Effect-ը: Կվերադառնա՞ հրամանատար Շեպարդը: Արդյո՞ք խաղը կլինի հայտնի տրիլոգիայի շարունակությունը, թե՞ անհաջող Mass Effect: Andromeda: Այս հարցերն այսօր հուզում են տրիլոգիայի բոլոր երկրպագուներին։ Եվ դրանց պատասխանները հրապարակված թիզերում, ավաղ, չկան։

Ի՞նչ են մեզ ցուցադրել Mass Effect-ի թիզերում

Տեսանյութի ամբողջ 25 վայրկյանի ընթացքում ցուցադրվում է ռետրանսլյատորը (Mass Relay), որը նման է նախորդ երեք խաղերում եղածներին: Նախկինում այս կառույցի կոնցեպտուալ տարբերակը, որի միջոցով խաղային աշխարհում տիեզերանավերը թռիչքներ են իրականացնում երկար հեռավորությունների վրա, արդեն հրապարակել է նոր Mass Effect-ի տնօրեն Մայք Գեմբլը (Mike Gamble): Սակայն տեսանյութում կարելի է տեսնել մի շարք նոր մանրամասներ, որոնք հնարավոր չէր տեսնել նկարում։

Այսպիսով, այս ռետրանսլյատորը ակնհայտորեն չի աշխատում՝ կա՛մ դեռ ամբողջությամբ չի կառուցվել, կա՛մ ավերվել է երրորդ խաղի իրադարձությունների ժամանակ։ Կառույցի վրա գրված է MR7, ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է Mass Relay 7: Այնուամենայնիվ, տեսանյութի ստորին ձախ անկյունում գտնվող մանրատառ տեքստում կարելի է տեսնել, որ կառույցը կոչվում է Vacuum-dock Relay: Թերևս սա ռետրանսլյատորի նոր տեսակ է, որը կառուցվում է մյուսների ոչնչացումից հետո։

Նաև տեսանյութում կարելի է նկատել ինչ–որ շարժումներ, որոնք կարճ ժամանակով հայտնվում են ռետրանսլյատորի մոտ: Ամենայն հավանականությամբ, դա տիեզերանավ է, որը ռետրանսլյատորի կողքով թռչում է անտեսանելի ռեժիմում:

Ե՞րբ սպասել նոր Mass Effect-ը

Ավաղ, ոչ շուտ, և այս մասին պարզ դարձավ BioWare բլոգում արված նոր հրապարակման շնորհիվ: Mass Effect 5-ի (կամ Mass Effect 4-ի, եթե չհաշվենք Mass Effect: Andromeda-ն) մշակման գործընթացը առաջ չի գնացել այնքան, որքան կցանկանայինք: Թվում է, թե թիմը դեռ չի էլ սկսել խաղի ակտիվ զարգացումը։

BioWare-ի հրապարակման մեջ նշվում է, որ նախաարտադրական գործընթացը շատ լավ է ընթանում, և խաղը կմշակեն Mass Effect-ի վետերանների թիմը (որում, ի հիասթափություն խաղի երկրպագուների մեծամասնության, կարծես թե, ներառված չէ առաջին երկու խաղերի սցենարիստ Դրյու Կարպիշինը) և մի քանի նորեկներ:

«Նրանք քրտնաջան աշխատել են՝ ստեղծելով նոր կերպարներ և վայրեր, որոնք ձեզ դուր կգան, ինչպես նաև վերադարձել են ձեզ արդեն հայտնի կերպարներին և վայրերին»,- ասվում է հրապարակման մեջ։

Այսպիսով, առայժմ չկա նոր խաղի թողարկման նույնիսկ մոտավոր ամսաթիվ։ Ոչ էլ տեղեկություն կա, թե որ հարթակներում այն ​​հասանելի կլինի։ Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք երկար սպասել խաղի թողարկմանը, քանի որ ստուդիան այժմ կենտրոնացած է Dragon Age: Dreadwolf խաղի վրա։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ