Մագնիսական ի՞նչ խոշոր փոթորիկներ են սպասվում 2024-ին

8 հունվարի, 2024  16:21

Իր 11-ամյա ընթացիկ ցիկլի շրջանակում Արեգակն այս տարի կհասնի իր ակտիվության գագաթնակետին: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է ամիսը մի քանի անգամ մագնիսական փոթորիկների պատճառ դառնալ։

«Մենք ակնկալում ենք, որ 2024-ն արդեն կլինի արեգակնային առավելագույն ակտիվության տարի։ Սա նշանակում է խոշոր բռնկումներ, մագնիսական խոշոր փոթորիկներ, ուստի, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 2024-ը 2023-ի հետ, ապա, ըստ ցանկացած կանխատեսման, այն ավելի ակտիվ կլինի ինչպես բռնկման ակտիվության, այնպես էլ գեոմագնիսական ակտիվության առումով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

Նա հիշեցրել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսել արևային բռնկումները և մագնիսական փոթորիկները, կարելի է խոսել միայն 2024-ին սպասվող գեոմագնիսական իրավիճակի ընդհանուր միտումների մասին։ Որոշ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ այս տարի Արեգակի վրա ավելի ուժեղ բռնկումներ են սպասվում, քան 2023-ին։

Մայիս-հունիսին Երկրի վրա սպասվում են արեգակնային առավելագույն ակտիվություն և մագնիսական փոթորիկներ, իսկ մինչև տարեվերջ ակտիվությունը կարող է նվազել։

«Որոշ գեոմագնիսական խանգարումներ տեղի կունենան պարզապես շաբաթական հաճախականությամբ: Ընդհանուր առմամբ նկատելի փոթորիկներ, կարծում եմ, կլինեն ամսական կտրվածքով, կարծում եմ՝ ամսական 2-3 փոթորիկ»,- նշել է մասնագետը։

Ճիշտ է, ամերիկացի որոշ գիտնականներ կարծում են, որ 2024-ը համեմատաբար «հանգիստ» է լինելու, իսկ արևի առավելագույն ակտիվությունը տեղի կունենա 2025-ին։

Հիշեցնենք, որ Երկրի վրա ամենահզոր մագնիսական փոթորիկները վերջին անգամ գրանցվել են 2005-ին։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ արեգակնային մեծ բռնկումներին միշտ չէ, որ հաջորդում են ուժեղ փոթորիկները։

Նշենք նաև, որ 2024-ի հունվարի 1-ի գիշերը տեղի է ունեցել արևային հզոր բռնկում, որին տրվել է X5.0 գնահատական ​​(C տառով նշվում են թույլ բռնկումները, M-ով՝ չափավորները, իսկ X-ով՝ ուժեղները, իսկ տառից հետո նշվող թիվը նույնպես ցույց է տալիս բռնկման հզորությունը), որը գրեթե երկու անգամ ավելի հզոր է եղել, քան X2.8 բռնկումը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին տեղը (տեղի է ունեցել 2023-ի դեկտեմբերի 14-ին): Ավելի հզոր բռնկում (X8.2), տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերի 10-ին:


 
 
 
 
  • Արխիվ