NASA-ն և JAXA-ն ցույց են տվել հարևան գալակտիկայում գերնոր աստղի պայթյունի մանրամասն պատկերը

8 հունվարի, 2024  20:19

Ամերիկյան NASA-ն Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) հետ միասին ցույց է տվել տիեզերքի խորքերում աստղի պայթյունի մանրամասն ռենտգենյան պատկերը։ Հետազոտական ​​այս բեկումը հնարավոր է եղել XRISM (X-ray Imaging and Spectroscopy Mission) տիեզերական աստղադիտակի օգնությամբ, որի նպատակն է ուսումնասիրել տիեզերքի ամենատաք շրջանները: Սա առաջին գիտական ​​XRISM պատկերն է, և դրա օգնությամբ գիտնականներն առաջին անգամ իրականացրել են N132D անունով հայտնի գերնոր աստղի մնացորդի մանրամասն վերլուծությունը:

XRISM-ի տվյալների վերլուծությունն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, այն հետազոտողներին հնարավորություն է տվել որոշել գերնոր աստղի մնացորդի տարրերի բաղադրությունը: Այս տարրերը ձևավորվել են աստղի ներսում և դուրս են մղվել, երբ այն պայթել է:

«Resolve գործիքը մեզ հնարավորություն է տալիս աննախադեպ ճշգրտությամբ տեսնել սպեկտրալ գծերի ձևը, որը մեզ թույլ կտա որոշել ոչ միայն տարբեր տարրերի բաղադրությունը, այլև դրանց ջերմաստիճանը, խտությունը և դրանց շարժման ուղղությունը։ Այստեղից մենք կարող ենք տեղեկություն հավաքել սկզբնական աստղի և դրա պայթյունի մասին»,- ասել է NASA-ի XRISM նախագծի գիտնական Բրայան Ուիլյամսը՝ խոսելով այս հայտնագործության կարևորության մասին։

XRISM ռենտգենյան աստղադիտակը գործարկվել է անցյալ տարվա սեպտեմբերին և մինչև վերջերս դեռ կարգավորման փուլում էր, իսկ այժմ այն արդեն ​​ուղարկել է իր առաջին գիտական ​​լուսանկարը: Ցածր ուղեծրային աստղադիտակըը կօգնի ուսումնասիրել տիեզերքը բարձր էներգիայի ռենտգենյան տիրույթում: Սարքը կօգնի ուսումնասիրել տիեզերքի ամենամեծ կառույցները, որոշել նյութի բաշխման մեխանիզմները և կենտրոններում գերզանգվածային սև խոռոչներով գալակտիկաների ձևավորումը։ Սա թույլ կտա ավելի լավ հասկանալ տիեզերքի ձևավորման և էվոլյուցիայի մեխանիզմները:

XRISM 2.jpg (162 KB)

Resolve-ը բարձր ճշգրտության փափուկ ռենտգենյան (ամենաերկար ալիքի երկարությամբ) սպեկտրոմետր է, որն աշխատում է բացարձակ զրոյից ընդամենը մի քանի հարյուրերորդական աստիճանի բարձր ջերմաստիճաններում և ի վիճակի է ֆիքսել ռենտգենյան սպեկտրները 300-ից մինչև 12,000 էլեկտրավոլտ էներգիայով: Այն չափում է ջերմաստիճանի փոքր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, երբ ռենտգենյան ճառագայթը հարվածում է իր 6x6 պիքսելային դետեկտորին: Դրա ստեղծած սպեկտրները տիեզերքի օբյեկտների համար երբևէ ստացված ամենամանրամասն սպեկտրներն են:

Resolve սարքը գործում է սահմանափակումներով, քանի որ գիտնականներին չի հաջողվել բացել սենսորներից մեկի պաշտպանիչ պատուհանը, ինչի պատճառով տուժում է զգայունությունը: Այս շերտը նախատեսված է պաշտպանելու սենսորը Երկրի վրա մթնոլորտի ազդեցությունից և գործարկումից հետո, քանի որ այն արբանյակի ներսի գազային նյութերին թույլ չի տալիս կպչել օպտիկական ֆիլտրերին: Պատուհանի հատվածն ունի 250 միկրոն հաստությամբ բերիլիումի թաղանթ, դրա շնորհիվ սարքը կարող է աշխատել ռենտգենյան ճառագայթների հետ նույնիսկ այն դեպքում, երբ հատվածը փակ է: Բերիլիումի պատուհանը պաշտպանում է ռենտգենյան ճառագայթները 2000 էլեկտրավոլտից ցածր էներգիայով, մինչդեռ առանց պաշտպանիչ պատուհանի ռենտգենյան ճառագայթներին հնարավոր կլիներ հետևել մինչև 300 էլեկտրավոլտ էներգիայով:

Xtend-ը ռենտգենյան փափուկ դիափազոնի տեսախցիկ է, որը նախատեսված է աստղադիտակի տեսադաշտը երկարացնելու համար մինչև 38 աղեղ րոպե յուրաքանչյուր կողմում 400–13,000 էլեկտրավոլտ էներգիայի միջակայքում: Այս մեծ տեսադաշտը թույլ է տալիս դիտել այնպիսի տարածքներ, որոնք մոտ 60%-ով ավելի մեծ են, քան լիալուսնի միջին տեսանելի չափը, ինչը այն դարձնում է հզոր գործիք երկնային օբյեկտների մանրամասն ռենտգենյան պատկերներ ստանալու համար, ինչպիսիք են գալակտիկաների կլաստերները և գերնոր աստղերի մնացորդները:

XRISM-ով ստացված արդյունքները նշանակալի դեր են խաղում տիեզերական գործընթացները հասկանալու գործում: Այս մասշտաբի բացահայտումը կարևոր քայլ է Տիեզերքի մասին մեր գիտելիքների սահմանների ընդլայնման և տիեզերքի հիմքը կազմող տարրերի ձևավորման գործընթացների ուսումնասիրման համար:


 
 
 
 
  • Արխիվ