Եվս մեկ «մոլորակասպան» աստերոիդ է հայտնաբերվել․ հնարավո՞ր է, որ այսպիսի մի աստերոիդ մնա աննկատ և հասնի Երկիր

7 նոյեմբերի, 2022  14:40

Աստղագետները հայտնաբերել են մեկ այլ պոտենցիալ «մոլորակասպան» աստերոիդ, որը, բարեբախտաբար, առնվազն մի քանի դար դեռ որևէ վտանգ չի ներկայացնի Երկիր մոլորակի համար, այս մասին ասվում է Քարնեգիի գիտության ինստիտուտի աստղագետ Սքոթ Շեփարդի ղեկավարած նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է The Conversation ամսագրում։

Պոտենցիալ մոլորակասպան նոր աստերոիդը՝ 2022 AP7-ը, պտտվում է Արեգակի շուրջ հինգ տարին մեկ անգամ, և ներկայումս հատում է Երկրի ուղեծիրը, երբ Երկիրը գտնվում է Արեգակի մյուս կողմում: Ի վերջո, ինչ-որ պահի նրա շարժումը Երկրի շարժման հետ կդառնա սինխրոն և աստերոիդը կանցնի Երկրին բավական մոտ տարածքով, սակայն դա տեղի կունենա մի քանի դար հետո։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, 2022 AP7 աստերոիդը վերջին ութ տարվա ընթացքում հայտնաբերված ամենամեծ պոտենցիալ վտանգավոր աստերոիդն է, որի տրամագիծը 1,1 կմ-ից մինչև 2,3 կմ է: Նշենք, որ 1 կմ-ից ավելի տրամագծով աստերոիդը բավական է Երկրի վրա զանգվածային ավերածություններ առաջացնելու համար։ Սակայն կարևոր է, որ այս աստերոիդը հայտնաբերվել է հիմա, և գիտնականներն արդեն կարող են հետևյալ դրա վարքագծին։

Ենթադրվում է, որ գիտնականներն արդեն հայտնաբերել են պոտենցիալ վտանգավոր աստերոիդների մոտ 95%-ը, որոնք 1000-ից քիչ են: Սքոթ Շեփարդի և նրա գործընկերների ուսումնասիրությունում ասվում է, որ մնացած 5%-ին (մոտ 50 աստերոիդ) հայտնաբերելը հսկայական ջանքեր կպահանջի։

Ինչո՞ւ է որոշ աստերոիդներին հայտնաբերելը դժվար

Որոշ աստերոիդների դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք պտտվում է Երկրի և Վեներայի միջև ընկած հատվածում, այսպես ասած, «թաքնվում» են արևի ճառագայթների ներքո: Այս տարածքում տիեզերական մարմիններ հայտնաբերելու համար աստղագետները պետք է իրենց դիտարկումներն անեն՝ նայելով արևի ուղղությամբ, իսկ դա շատ դժվար է արևի պայծառության պատճառով: Օրինակ՝ տիեզերական ժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան: Նման աստերոիդները հնարավոր է հայտնաբերել մթնշաղի ժամերին և օրական երկու անգամ՝ 10 րոպե ժամանակահատվածով:

twilight zon.JPG (56 KB)

Հենց այդ պատճառով էլ աստղագետները միայն սահմանափակ պատկերացում ունեն այս տարածաշրջանում թաքնված աստերոիդների բնույթի մասին, և երբեմն դրանք անակնկալներ են մատուցում՝ չափազանց շատ մոտենալով Երկրին։ Օրինակ՝ 2021 UA1 կոչվող աստերոիդը 2021 թ․ Երկրի կողքով անցել է ընդամենը մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Անտարկտիկայի վրայով: Տիեզերական մասշտաբներով սա չափազանց մոտ տարածություն է և համարվում է վտանգավոր: Այնուամենայնիվ, 2021 UA1-ն ուներ ընդամենը երկու մետր լայնություն և, հետևաբար, էական վտանգ չէր ներկայացնում:

2019 թ․ 100 մետր տրամագծով մեկ այլ աստերոիդ անցել է Երկրից մոտ 70 000 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հրապարակայնորեն հայտարարվել է Երկրի կողքով աստերոիդի  թռիչքից ընդամենը ժամեր առաջ: Թեև այն այնքան էլ մոտ չէր Երկրին, բայց շատ ավելի մտահոգիչ չափեր ուներ:

Ավելին, այս աստերոիդների մի մասը նույնիսկ հասնում է Երկիր։ Օրինակ՝ 2013 թ․ շատ ավելի փոքր աստերոիդ՝ ընդամենը 20 մետր լայնությամբ, հանկարծակիորեն եկել և պայթել է Ռուսաստանի հարավ-արևելքում գտնվող Չելյաբինսկ քաղաքի երկնքում՝ կոտրելով հազարավոր շենքերի ապակիներ:

Որքանո՞վ է Երկիրը պաշտպանված նման աստերոիդներից

Աստղագետները, իրենց դիտարկումների շնորհիվ, բարեբախտաբար, կարողանում են հաշվարկել աստերոիդների հետագծերը մի քանի դարի համար, և ներկայումս հայտնի չեն նման աստերոիդներ, որոնք մարդկությանը պետք է անհանգստացնեն: Ավելին, գիտնականները նաև վաղուց արդեն քայլեր են ձեռնարկում Երկրի համար վտանգ ներկայացնող աստերոիդների ուղղությունը փոխելու ուղղությամբ՝ նախքան դրանք կբախվեն երկրին։

Նման մի փորձ արդեն արվել է այս տարվա սեպտեմբերին, երբ NASA-ի DART առաքելությունը հաջողությամբ փոխեց 160 մ լայնությամբ աստերոիդի՝ Դիմորֆի հետագիծը, որը պտտվում է 780 մ լայնությամբ Դիդիմի շուրջը: Իր տեսակի մեջ այս առաջին փորձի հաջողությունը վկայում է այն մասին, որ քանի դեռ մարդկությունը կարողանում է ավելի վաղ փուլում իմանալ նման վտանգների մասին, կարող է զերծ պահել Երկիր մոլորակը նման անակնկալներից։

Near-Earth Object Surveyor.JPG (46 KB)

Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտներին վաղ փուլում հայտնաբերելու նպատակով NASA-ն նախատեսում է օգտագործել Երկրի մերձակայքում գտնվող օբյեկտներին վերահսկող (Near-Earth Object (NEO) Surveyor) աստղադիտակը, որը պետք է գործարկվի 2026 թ․։ Ակնկալվում է, որ այն կկարողանա շատ արդյունավետ հետազոտել Արեգակնային համակարգը , ներառյալ կույր կետերը, որոնք առաջանում են արևի լույսի պատճառով։

NEO Surveyor.JPG (48 KB)

Չինացի հետազոտողները ևս վերջերս առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։

Նախատեսվում է, որ CROWN առաքելությունը կկիրառի լայնանկյուն դիտարկման հնարավորությամբ վեց մերձերկրյա դիտարկող սարքեր, որոնք կղեկավարվեն գլխավոր տիեզերանավի կողմից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ