15-ամյսա դադարից հետո Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin-ը հաջողությամբ տիեզերք է արձակել New Shepard տիեզերանավը

20 դեկտեմբերի, 2023  10:32

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը 15-ամսյա դադարից հետո վերսկսել է ենթաօրբիտալ տիեզերական արձակումները։ N-24 անօդաչու առաքելության շրջանակում New Shepard տիեզերանավով հրթիռի արձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին` երևելյան ժամանակով ժամը 11:44-ին (Երևանի ժամանակով 20:44-ին) Արևմտյան Տեխասի Blue Origin արձակման հարթակից:

N-24 առաքելության մեկնարկը ի սկզբանե նախատեսված էր դեկտեմբերի 18-ին։ Սակայն վերջին րոպեներին այն հետաձգվեց եղանակային անբարենպաստ պայմանների ու «տեղում առկա խնդիրների» պատճառով։ Ընկերությունը խոստացել էր այս շաբաթ կրկին փորձել:

Բարձրանալով Երկրի մակերևույթից մոտ 106 կմ ​​բարձրության վրա՝ New Shepard պարկուճն իր օգտակար բեռով առանձնացել է արձակող հրթիռից և որոշ ժամանակ անցկացրել տիեզերքում: Այնուհետև հրթիռի բազմակի օգտագործման առաջին փուլը փափուկ, վերահսկվող վայրէջք է կատարել: Մի քանի րոպե անց NS-24 առաքելության պարկուճը վայրէջք է կատարել պարաշյուտով։ Գործարկման ձայնագրությունը կարելի է դիտել ստորև (մոտ 26 րոպեից):

Այս արձակման շրջանակում 33 հետազոտական ​​օգտակար բեռ է դուրս բերվել Երկրի ցածր ուղեծիր: Դրանց կեսից ավելին մշակվել է NASA-ի կողմից։ Մնացածը պատրաստել են ամերիկյան տարբեր դպրոցների, համալսարանների և այլ կրթական կազմակերպությունների ուսանողներ։ NS-24 տիեզերանավի վրա եղել են նաև Future Club-ի 38,000 բացիկներ: Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Blue Origin-ի կողմից և որի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել տիեզերական հետազոտության և հարակից թեմաների նկատմամբ:

Blue Origin-ի համար սա առաջին տիեզերական արձակումն էր վերջին 15 ամսվա ընթացքում: Ընկերությունը ոչ մի արձակում չի իրականացրել անցյալ տարվա աշնանից ի վեր, երբ 2022-ի սեպտեմբերի 12-ին առաջին փուլում խնդիր առաջացավ, որի հետևանքով ընկերությունը կորցրեց հրթիռը: Բարեբախտաբար, այդ առաքելությունն անօդաչու էր։ Տիեզերանավի վրա կար 36 տարբեր հետազոտական ​​բեռ: New Shepard տիեզերանավն իր օգտակար բեռով կարողացել էր հաջողությամբ անջատվել հրթիռից և անվտանգ վայրէջք կատարել պարաշյուտների միջոցով։

Միջադեպի վերաբերյալ Blue Origin-ի սեփական հետաքննությունը պարզել էր, որ վթարի պատճառն առաջին փուլի «շարժիչի վարդակի ջերմակառուցվածքային խափանումն է»։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պահանջել էր 21 փոփոխություն կատարել New Shepard հրթիռի նախագծում, ներառյալ փոփոխություններ շարժիչի վարդակների որոշ բաղադրիչների նախագծման մեջ: Միայն դրանից հետո հանձնաժողովը թույլ տվեց Blue Origin-ին վերադառնալ արձակումներին։


 
 
 
 
  • Արխիվ