NASA-ն նույնականացրել է 17 էկզոմոլորակ, որոնց վրա հնարավոր է՝ օվկիանոսներ լինեն

18 դեկտեմբերի, 2023  22:27

NASA-ն պարզել է, որ հայտնաբերված էկզոմոլորակներից 17-ը կարող են ունենալ ստորգետնյա օվկիանոսներ, որոնք թաքնված են սառույցի հաստ շերտի տակ: Այս մոլորակները, ինչպես Յուպիտերի սառցե արբանյակները, կարող են դառնալ խոստումնալից վայրեր այնտեղ կենսաստորագրություններ՝ կյանքի քիմիական նշաններ փնտրելու համար:

NASA-ի նոր վերլուծությունում ասվում է, որ թեև այս մոլորակների ճշգրիտ բաղադրությունը մնում է անհասկանալի, նախորդ ուսումնասիրությունների արդյունքում դրանց մակերևույթի ջերմաստիճանի գնահատականները ցույց են տալիս, որ դրանք զգալիորեն ավելի սառն են, քան Երկիրը: Բացի դրանից, նրանցից յուրաքանչյուրն պակաս խիտ է, քան Երկիրը, չնայած այն հանգամանքին, որ դրանք մոտ նույն չափերն ունեն, ինչ մեր մոլորակը:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս 17 աշխարհները կարող են սառույցով ծածկված մակերեսներ ունենալ, սակայն դրանք միևնույն ժամանակ կարող են բավականաչափ ներքին ջերմություն ստանալ ռադիոակտիվ տարրերի քայքայման և իրենց աստղերից առաջացած մակընթացային ուժերի արդյունքում, որպեսզի ներքին օվկիանոսները կարողանան հեղուկ վիճակում պահպահնել»,- ասել է NASA-ի Գոդարդի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնից Լին Քուիկը։

Այլ կերպ ասած, թեև այդ մոլորակներին հյուրընկալող աստղերը կարող են բավականաչափ տաք պայմաններ չապահովել, որպեսի դրանց մակերևույթների վրա հեղուկ ջուր լինի, այդուհանդերձ, այդ մոլորակներում կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք կարող են ջերմություն առաջացնել իրենց մակերեսի տակ: Օրինակ՝ մոլորակի ներսում ապարների ձգումը և սեղմումը դրա աստղի հետ գրավիտացիոն փոխազդեցության ժամանակ կարող է ապահովել զգալի ծավալի ներքին ջերմություն, ինչը բավարար է ստորգետնյա օվկիանոսի պահպանման համար: Մոլորակի միջուկում ծանր տարրերի ռադիոակտիվ քայքայումը ևս կարող է ապահովել ներքին ջերմություն:

«Ներքին տաքացման պատճառով մեր ուսումնասիրության բոլոր մոլորակներում կարող են տեղի ունենալ կրիոհրաբխային ժայթքումներ՝ գեյզերանման քուլաների տեսքով», - նշել է Քուիկը:

Հետազոտության մեջ նշված երկու էկզոմոլորակները՝ Proxima Centauri b-ն և LHS1140 b-ն, առավել խոստումնալից թեկնածուներ, որոնց մակերեսին համեմատաբար մոտ տարածքում կարող են օվկիանոսներ լինել։


 
 
 
 
  • Արխիվ