Նոր iPhone-ները 10x խոշորացումով տեսախցիկ կունենան․ ո՞ր մոդելն այն կստանա առաջինը

15 դեկտեմբերի, 2023  20:19

iPhone 15 Pro Max-ն առաջինն էր Apple-ի սմարթֆոններից, որն ստացավ 5x օպտիկական խոշորացումով «հեռաֆոտո» ոսպնյակ՝ հիմնված տետրապրիզմի վրա: Ապագայում Apple-ը կարող է անցնել 10x խոշորացումով տետրապրիզմի ոսպնյակների կիրառման։

Հաղորդվում է, որ Apple-ը կփոխարինի LG Innotek ընկերությանը, որը ներկայումս մատակարարում է տետրապրիզմ մոդուլը, ICT-ով (Luxshare-ի դուստր ձեռնարկություն)։ Պատճառը կոնֆլիկտն է, որի մանրամասները հայտնի չեն: Միևնույն ժամանակ, հաջորդ սերնդի տետրապրիզմով մոդուլը կունենա 10x օպտիկական խոշորացում:

Թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, պարզ չէ, սակայն կարծես ոչ հաջորդ տարի: iPhone-ի գալիք սերնդի սմարթֆոնի մոդուլը թերևս կմնա նույնը։ Հավանաբար, նոր տեսախցիկը կստանա iPhone 17-ի շարքը և, հնարավոր է, նաև առաջինը այն ստանա միայն ամենաթանկ մոդելը։

Kr.Investing կայքի կանխատեսմամբ՝ եթե Apple-ն իսկապես օգտագործի 10x խոշորացմամբ տետրապրիզմի հեռաֆոտո ոսպնյակ, ապա հավանաբար հաջորդ սերնդի սմարթֆոնները կունենան ևս մեկ հեռաֆոտո ոսպնյակ, թեև ավելի փոքր խոշորացումով, օրինակ՝ 3x: Աղբյուրը նման ենթադրություն անում է հիմնվելով Galaxy S23 Ultra-ի նախադեպի վրա, միայն թե այնտեղ հեռաֆոտո ոսպնյակը հիմնված է ոչ թե տետրապրիզմի, այլ պերիսկոպի մոդուլի վրա։


 
 
 
 
  • Արխիվ