Արեգակնային քամու դադարը «պայթեցրել է» Մարսի մթնոլորտը. ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է դա հետաքրքիր

15 դեկտեմբերի, 2023  10:28

NASA-ի MAVEN զոնդը, որը գտնվում է Մարսի ուղեծրում, 2022-ի դեկտեմբերի 26-ին գրանցել է եզակի երևույթ՝ արևային քամու յուրօրինակ դադար, որը հանգեցրել է Կարմիր մոլորակի մթնոլորտի պայթյունավտանգ ընդլայնմանը: Այս հազվագյուտ երևույթը նոր հորիզոններ է բացել տիեզերական եղանակի ուսումնասիրության և հեռավոր աստղային համակարգերում պոտենցիալ բնակելի աշխարհները հասկանալու համար:

Ջրածնի էլեկտրոններից և իոններից կազմված արևային քամու ուժգնությունը կախված է աստղի ակտիվությունից և շրջակա տարածության մագնիսական դաշտերից։ Երբեմն արևն ավելի մեծ ուժով և արագությամբ է արտանետում մասնիկները, և դրանք հասնում են ավելի վաղ արձակված և ավելի դանդաղ ընթացող մասնիկներին։ Սա ստեղծում է արևային քամու մասնիկների բարձր և ցածր կոնցենտրացիաների գոտիներ, որոնք ազդում են մոլորակների մթնոլորտի վրա:

Նման երևույթ առաջին անգամ նկատվել է 1999-ին, երբ արևային քամու հանկարծակի թուլացումը 100 անգամ մեծացրել էր Երկրի մթնոլորտի և մագնիսոլորտի ծավալը։ Մարսը, ի տարբերություն Երկրի, չունի մագնիսական դաշտ, որը պաշտպանում է մոլորակը տիեզերական մասնիկներից, փոխարենն այն ունի ինդուկտիվ մագնիսական դաշտ, որն առաջանում է մոլորակի իոնոլորտի հետ արևային քամու փոխազդեցության ժամանակ: NASA-ի MAVEN ուղեծրային զոնդը կարող է ֆիքսել այս դաշտը և արևային քամու մասնիկները։

Նոր դիտարկման ժամանակ՝ 2022-ի դեկտեմբերի 26-ին, զոնդն արձանագրել է արևային քամու ճնշման 10 անգամ և դրա մասնիկների խտության 100 անգամ նվազում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Մարսի իոնոլորտը և առաջացած մագնիսական դաշտն ընդլայնվել են երեք անգամ՝ ստեղծելով մոլորակի մթնոլորտում պայթյունի նման էֆեկտ։

Գիտնականների կարծիքով, եթե Մարսը մեր Արեգակի փոխարեն ավելի քիչ «քամոտ» աստղ ունեցող համակարգում լիներ, ապա դրա էվոլյուցիան այլ ճանապարհով կգնար:

Այս բացահայտումներն ընդգծում են տեղում դիտարկումներ անցկացնելու կարևորությունը. առանց տեղում ուղեծրային սարքերի անհնար կլիներ տեղեկություն ստանալ նման գործընթացների մասին:

Մասնագետների կարծիքով՝ մեր արեգակնային համակարգում այս երևույթների ուսումնասիրությունը տվյալներ կտրամադրի աստղային տարբեր համակարգերում այլ մոլորակների վրա մթնոլորտային երևույթների մոդելավորման համար՝ նպաստելով տիեզերքում կյանքի ծագման գործընթացների ավելի լավ ըմբռնմանը:


 
 
 
 
  • Արխիվ