Apple-ը նոր գործառույթ է ներդրել, որն ուժեղացնում է տվյալների պաշտպանությունը, եթե iPhone-ը գողացել են

14 դեկտեմբերի, 2023  10:31

iOS 17.3 օպերացիոն համակարգի բետա տարբերակում, որը հասանելի է ծրագրավորողներին, Apple-ը հավելյալ պաշտպանություն է ավելացրել iPhone սմարթֆոնների համար: Այս գործառույթը նախատեսված է այն իրավիճակի համար, երբ չարագործն ինչ-որ կերպ իմացել է սարքի գաղտնաբառը նախքան այն գողանալը։ The Wall Street Journal-ը (WSJ) պատմել է այն մասին, թե ինչպես է գործում նորարարությունը:

Ավելի վաղ WSJ-ի լրագրողները նյութ էին պատրաստել այն մասին, թե որքան են ավելացել բարերում և հասարակական այլ վայրերում iPhone-ի գողությունների դեպքերը։ Հոդվածում նշվում էր, որ հանցագործները թաքուն հետևում են, թե ինչպես է հեռախոսի սեփականատերը մուտքագրում Apple ID ծածկագիրը, այնուհետև գողանում կամ խլում էին սմարթֆոնը և անմիջապես փոխում գաղտնաբառը՝ արգելափակելով նախկին սեփականատիրոջ մուտքն իր օգտահաշիվ և սարքերի հետագծման ծառայություն:

Հիմա փաստորեն iOS 17.3-ը մի քանի լուծում է ներկայացրել այս սպառնալիքի դեմ պայքարելու համար: Պահպանված գաղտնաբառերին հասանելիությունը կպահանջի, որպեսզի օգտվողը, իր ինքնությունը հաստատելու համար, անցնի նույնականացում՝ Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով՝ օգտագործելով կենսաչափական տվյալները:

Գաղտնիության կարգավորումները փոխելը, ներառյալ Apple ID-ի գաղտնաբառը, այժմ հնարավոր կլինի անել մեկ ժամ հետո միայն: Այնուամենայնիվ, եթե iPhone-ը գտնվում է որոշակի վայրերում, օրինակ՝ օրինական սեփականատիրոջ տանը կամ աշխատավայրում, ապա այդ մեկժամյա միջակայքը չի գործի։

Բացի դրանից, եթե պաշտպանությունը միացված է, ապա առանց կենսաչափական նույնականացման, հնարավոր չի լինի անջատել սարքի հետագծման ռեժիմը (սարքը կորցնելու դեպքում), ջնջել կարգավորումները, օգտագործել Safari դիտարկչում պահված վճարման տվյալները, դիմել նոր Apple Card ստանալու համար կամ տեսնել առկա վիրտուալ քարտերը:


 
 
 
 
  • Արխիվ