Apple-ը բացում է NFC-ն. երրորդ կողմի վճարային ծառայությունները հասանելի կլինեն iPhone-ում

13 դեկտեմբերի, 2023  10:16

Apple-ը Եվրոպական հանձնաժողովին առաջարկել է բացել NFC-ն իր սարքերում՝ երրորդ կողմի վճարային ծառայություններին հնարավորություն տալով օգտագործել այս տեխնոլոգիան iPhone-ներում: Այս առաջարկը կընդլայնի անհպում վճարումների հնարավորությունները, և մարդիկ ստիպված չեն լինի սահմանափակվել միայն Apple Pay-ով, հաղորդում է MacRumors-ը։

Աղբյուրի համաձայն՝ 2022-ի մայիսին ԵՄ մրցակցային մարմինը դեմ է արտահայտվել Apple-ի սահմանած սահմանափակումներին, որով ընկերությունն իր մրցակիցներին արգելում էր օգտագործել իր tap-and-go տեխնոլոգիան: Այս սահմանափակումները գրեթե անհնարին դարձրին iPhone-ում Apple Pay-ից բացի այլ բջջային դրամապանակներ օգտագործելը: Արդյունքում այլընտրանքային վճարային ծառայությունների մշակողները, հիմնականում բանկերը, հայտնվել են անբարենպաստ վիճակում։

Հակամենաշնորհային կարգավորիչի հայտարարությունը, ըստ MacRumors-ի, արվել է վարկային հաստատությունների իրականացրած լոբբինգի արդյունքում: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը 2024-ի հունվարին կհանդիպի ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Apple-ի առաջարկը։

Նշենք, որ Apple-ի առաջարկի մանրամասները չեն բացահայտվում։ Այս որոշումը կարող է զգալի ազդեցություն ունենալ բջջային սարքերով արվող վճարումների շուկայի վրա՝ օգտատերերին ավելի մեծ ընտրություն տալով իրենց Apple սարքերում անհպում տեխնոլոգիան օգտագործելու հարցում:


 
 
 
 
  • Արխիվ