Ի՞նչ պարամետրերով է iPhone 15 Pro Max-ը զիջում 2021-ին արտադրված iPhone 13 Pro Max-ին

12 դեկտեմբերի, 2023  10:31

DxOMark-ը փորձարկել է Apple-ի ամենաթարմ առաջատար սմարթֆոնի՝ iPhone 15 Pro Max-ի մարտկոցի լիցքավորման արագությունն ու մեկ լիցքավորմամբ աշխատանքի տևողությունը, և պարզվել է, որ արդյունքները պակաս տպավորիչ են՝ համեմատած երկու տարի առաջ թողարկված iPhone 13 Pro Max-ի հետ:

Ըստ թեստավորման արդյունքների՝ iPhone 15 Pro Max-ը 4441 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով գրանցել է հետևյալ ցուցանիշները․

  • Ինտենսիվ օգտագործման դեպքում սմարթֆոնն աշխատել է 43 ժամ,
  • Չափավոր օգտագործման դեպքում սմարթֆոնն աշխատել է 69 ժամ:

Այս արդյունքներով iPhone 15 Pro Max-ը պրեմիում կատեգորիայի սմարթֆոնների մեջ երրորդ տեղում է հայտնվել, սակայն ընդհանուր վարկանիշում սմարթֆոնը զբաղեցրել է միայն 19-րդ հորիզոնականը։

Լիցքավորման արագության առումով iPhone 15 Pro Max-ը լարային լիցքավորման դեպքում 30 րոպեում լիցքավորվել է 53%-ով, իսկ 100%-ով լիցքավորվել է 121 րոպեում: Անլար լիցքավորման ժամանակ այն 30%-ով լիցքավորվել է 30 րոպեում, իսկ ամբողջությամբ՝ 157 րոպեում: Այս առումով Apple-ի առաջատար սմարթֆոնն զբաղեցրել է 32-րդ տեղը պրեմիում սարքերի շարքում, և 113-րդ տեղը 163 սարքերից բաղկացած ընդհանուր վարկանիշում։

Միևնույն ժամանակ, փորձագետները բարձր են գնահատել սարքի այլ բնութագրերը։ Արդյունքում iPhone 15 Pro Max-ն ինքնավար աշխատանքի համար ստացել է 148 միավոր, 116 միավոր՝ լիցքավորման արագության և 134 միավոր՝ էներգաարդյունավետության համար՝ զբաղեցնելով 29-րդ տեղը ընդհանուր վարկանիշում։ Այնուամենայնիվ, iPhone 13 Pro Max մոդելը 136 միավորով առաջ է անցել նոր սարքից՝ զբաղեցնելով 19-րդ տեղը մարտկոցի ավելի լավ աշխատանքի և էներգաարդյունավետության շնորհիվ՝ չնայած լիցքավորման ավելի դանդաղ արագությանը։

Նշենք, որ iPhone 15 Pro Max-ը 29-րդ տեղը կիսում է այնպիսի սմարթֆոնների հետ, ինչպիսիք են Samsung Galaxy S23 Plus-ը (Snapdragon), Xiaomi Redmi Note 11 Pro 5G-ն և Xiaomi Redmi Note 10-ը:

Իսկ այս վարկանիշի առաջին երեք տեղերն զբաղեցնում են Honor Magic5 Lite 5G-ը (որի մարտկոցն ստացել է 152 միավոր), Oppo Find X6 Pro-ն և Honor X7a-ն (147-ական միավոր)։


 
 
 
 
  • Արխիվ