Ի՞նչ է հայտնի Samsung սմարթֆոնների արհեստական բանականության գործառույթների մասին

11 դեկտեմբերի, 2023  18:30

Samsung-ն ակտիվորեն մշակում է իր սեփական ծրագրային ապահովումը՝ One UI 6.1-ը, որը կներկայացնի նոր գործառույթներ՝ հիմնված արհեստական բանականության վրա։ Ինչպես տեղեկացնում է Android Authority-ին՝ համացանցում հայտնվել են էկրանակադրեր, որոնք հաստատում են այս գործառույթներից մի քանիսը:

Նոր գործառույթներից է նեյրոնային ցանցերի միջոցով պաստառներ ստեղծելու հնարավորությունը. օգտատերերը կկարողանան կարգավորել պաստառներ ստեղծելու պարամետրերը՝ դրա համար օգտագործելով տեքստային նկարագրություններ, որից հետո արհեստական ​բանականությունը կստեղծի պատկեր՝ ըստ օգտատիրոջ նախասիրությունների: Նմանատիպ գործառույթ նախկինում ներդրվել էր Google Pixel 8 սերիայի սմարթֆոններում։

Սպասվում է նաև արհեստական բանականության գործառույթներով բարելավված լուսանկարների խմբագրիչ, որը թույլ կտա տեղափոխել առարկաները պատկերների միջև և փոփոխել լուսանկարի սահմանները:

Ակնկալվում է, որ Notes հավելվածը կունենա երկար տեքստային գրառումներն ամփոփելու գործառույթ: Բացի դրանից, Samsung սմարթֆոնները կստանան ձայնային զանգերի իրական ժամանակում թարգմանություն, ձայնի բարելավված որակ և մարտկոցի օպտիմալացված լիցքավորում:

One UI 6.1-ի բետա թեստավորումը ներկայումս անցկացվում է Samsung Galaxy S23-ի համար, և նոր Galaxy S24-ը կլինի առաջիններից մեկը, որը կստանա այն 2024-ի սկզբին: Դեռևս հայտնի չէ, թե մյուս հեռախոսներից որոնք կստանան Samsung-ի այս ծրագրային ապահովումը։


 
 
 
 
  • Արխիվ