Հայտնի են App Store-ի տարվա լավագույն հավելվածներն ու խաղերը․ գլխավոր միտումը դարձել է AI-ը

30 նոյեմբերի, 2023  18:09

Apple-ը հայտարարել է իր ամենամյա App Store Award 2023 մրցանակաբաշխության հաղթողներին՝ նշելով, թե որոնք են iPhone-ի, iPad-ի և իր էկոհամակարգի այլ սարքերի 14 լավագույն հավելվածներն ու խաղերը: Apple-ը նշել է, որ մրցանակակիրներն օգտվողներին տրամադրել են «իմաստալից փորձառություններ» և ոգեշնչել մշակութային փոփոխություններ:

Apple-ի հայտարարությունում ասվում է, որ App Store մրցանակի հաղթողներն օգնել են «օգտատերերին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը, բացահայտել նոր արկածների աշխարհը և ուրախ ժամանց անցկացնել ընտանիքի և ընկերների հետ»:

«Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են մշակողները շարունակում ստեղծել անհավանական հավելվածներ և խաղեր, որոնք փոխում են մեզ շրջապատող աշխարհը: Այս տարվա հաղթողները ցույց են տալիս ծրագրավորողների անսահման ներուժը, որոնք կյանքի են կոչում իրենց գաղափարները՝ ստեղծելով հավելվածներ և խաղեր զարմանալի ստեղծագործականությամբ, բացառիկ որակով և նվիրվածությամբ»,- ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը:

Ինչ վերաբերում է հենց հաղթողներին, ապա հավելվածների անվանակարգում իրավիճակը հետևյալն է՝

  • iPhone-ի համար՝ AllTrails - ֆիթնեսի և արշավային զբոսաշրջության համար նախատեսված հավելված է, որն օգնում է գտնել նոր երթուղիներ և համախոհներ,

  • iPad-ի համար՝ Prêt-à-Makeup - թվային խմբագրիչ է դիմահարդարների համար, որի օգնությամբ հնարավոր է ստեղծել նոր կերպարներ՝ բազմաթիվ կաղապարների հիման վրա,

  • Mac-ի համար՝ Photomator - լուսանկարների խմբագիր՝ մեծ թվով ձևաչափերի աջակցությամբ և հասանելի գործառույթների լայն շարքով,

  • Apple TV-ի համար՝ MUBI - դասական և յուրօրինակ ֆիլմերով հոսքային ծառայություն է,

  • Apple Watch-ի համար՝ SmartGym - հավելվածներ մարզասրահում և տանը մարզվելու համար, այն առաջարկում է մեծ թվով վարժություններ, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է ճիշտ տեխնիկայով անիմացիայով:

 
Խաղերից հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝

  • iPhone-ի համար՝ Honkai: Star Rail - արկածային խաղ RPG տարրերով,

  • iPad-ի համար՝ Lost in Play - արկածային հանելուկ խաղ, որը դիտողին տեղափոխում է մուլտֆիլմային աշխարհ,

  • Mac-ի համար՝ Lies of P - ARPG խաղ երրորդ անձի դիտանկյամբ,

  • Տարվա Apple Arcade խաղ՝ Hello Kitty Island Adventure - գունեղ խաղ է, որտեղ ներկայացված են Hello Kitty-ի կերպարները:


Բացի դրանից, Apple-ը նշել է մի քանի հավելված «Մշակութային ազդեցություն» (Cultural Impact) անվանագրում՝

  • Pok Pok - մինի խաղերի շարք՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնելու և ստեղծագործական ունակությունները զարգացնելու համար,

  • Proloquo – խոսքի խանգարումներ ունեցող մարդկանց հետ շփվելու համար նախատեսված հավելված, 
  • Too Good to Go – ծառայություն, որը քարտեզի վրա ցուցադրում է ռեստորաններ և սրճարաններ, որոնք պատրաստ են չվաճառված ապրանքների մնացորդները տրամադրել կարիքավորներին,

  • Finding Hannah – խաղ «իրեր փնտրելու» ժանրում,

  • Unpacking – խաղ, որտեղ առաջարկվում է տեղափոխվելուց հետո բացել տուփերը և իրերը տեղադրել նոր վայրերում:


Ըստ Apple-ի՝ տարվա գլխավոր միտումը գեներատիվ նեյրոնային ցանցերն էին։ Հավելվածների մշակողները տարբեր ձևերով իրենց հավելվածներում ինտեգրել են արհեստական բանականության վրա հիմնված ալգորիթմներ: Ինչ վերաբերում է App Store Award-ի հաղթողներին, ապա նրանք բոլորը կստանան մրցանակ՝ պատրաստված App Store-ի տարբերանշանի տեսքով։


 
 
 
 
  • Արխիվ