Հայաստանում ՏՏ ոլորտի ճգնաժամը խորանում է. արդեն ընկերություններ են փակվում

3 նոյեմբերի, 2022  11:03

Հայկական ՏՏ ընկերությունների ճնշող մեծամասնությունն արտահանում է իր պրոդուկտը և վարձատրվում է արտարժույթով։ Դոլարի ու եվրոյի փոխարժեքի կտրուկ անկումը, ինչպես և սպասվում էր, այս ընկերությունների համար հանգեցրել է լուրջ խնդիրների։

Որոշ ընկերություններ սկսել են կրճատել իրենց աշխատակիցներին, ոմանք անցել են ֆրիլանսի և լքել հարկային դաշտը, ոմանք էլ սկսել են կասեցնել կրթությանն առնչվող ծրագրերը։ Որոշ ընկերություններ էլ պարզապես փակվել են:

Ցտեսություն, եկամուտ

ՏՏ ոլորտում գործող ընկերությունների միջին շահութաբերությունը 20% է: Սակայն դրամի արժեվորմամբ պայմանավորված՝ հայկական ՏՏ ընկերությունների եկամուտները նվազել են 25%-ով։ Արդյունքում նույնիսկ կայացած ընկերություններն են սկսել վնասով աշխատել։

Ավելին, ՏՏ ոլորտի ոչ բոլոր ընկերություններն ունեն եկամուտ. որոշ ընկերություններ դեռ ներդրումային փուլում են։ Եվ դրանցից շատերը կարող են բավարար գումար չունենալ՝ ամիսներ շարունակ ներդրումներ կատարելու մի նախագծում, որը դեռ չունի ո՛չ պատրաստի արտադրանք, ո՛չ էլ եկամուտ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության անդամ, Earlyone և LimeTech ընկերությունների տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, այսօր հատկապես դժվար է այն նախագծերի համար, որոնք ներդրումներ են ստացել կոնկրետ ծրագրի համար։

«Պատկերացնենք, որ ստարտափները 1 մլն դոլար ներդրում են ստացել: Դա պետք է ներդրվեր զարգացման մեջ, բայց այդ 1 միլիոնը դարձել է 700,000 : Դա նշանակում է, որ ստարտափի հաջողության հասնելու հնարավորությունը նվազել է այդքանով»,- ասաց նա:

Որոշ ընկերություններ փակվել են, բայց թաքցնում են դա

Քանի՞ ընկերություն է փակվել երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: NEWS.am Tech-ի այս հարցին Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց, որ հստակ թիվ ասել չի կարող, քանի որ շատերը թաքցնում են, որ փակվել են, որպեսզի չկորցնեն իրենց անունը։

Իսկ այն ընկերությունները, որոնք դեռ պահպանում է իրենց գոյությունը, կորցնում են մրցունակությունը։

Դրամի ամրապնդման և դոլարի կտրուկ արժեզրկման հետ կապված խնդիրները, փորձագետների կարծիքով, ազդում են ոչ միայն հայկական, այլև ռուսական ընկերությունների վրա, քանի որ վերջին ամիսներին դրանցից շատերը տեղափոխվել են Հայաստան։ Եթե ​​այստեղ բարենպաստ պայմաններ լինեն, դրանք դեռ երկար կմնան մեզ մոտ, կվճարեն հարկեր, կստեղծեն բազմաթիվ նոր աշխատատեղեր՝ շատ օգուտներ բերելով մեր տնտեսությանը։ Բայց եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես այսօր է, այդ ընկերությունների մեծ մասը, ինչպես տեղականները, կա՛մ կփակվի, կա՛մ կտեղափոխվի այլ երկրներ:

Հայաստանի միջազգային հեղինակությունը տուժում է

Ստեղծված իրավիճակը ցավոտ հարվածներ է հասցնում նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը։

Ինչպես նշում է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը, ՏՏ ոլորտի մասնագետները տարիներ շարունակ աշխատել են Հայաստանի համար բարենպաստ հեղինակություն ստեղծելու ուղղությամբ՝ ձգտելով աշխարհին ցույց տալ, որ ՏՏ ոլորտը վստահ քայլերով առաջ է գնում և զարգանում։

Այսօր հայկական ՏՏ ընկերությունների 90 տոկոսից ավելին աշխատում է արտաքին գործընկերների հետ։ Եվ դժվար թե այս գործընկերներին դուր գա, եթե հայաստանցի նրանց գործընկերները սկսեն ամեն ամիս ավելի շատ գումար խնդրել, քան ի սկզբանե պայմանավորվել են՝ իրենց խնդրանքը բացատրելով ազգային արժույթի թանկացմամբ։

Մենք հիանալի մասնագետների ենք կորցնում

ՏՏ ընկերություններում կրճատումները, այդ ընկերությունների փակումը հանգեցնում են նրան, որ շուկայում հայտնվում են բազմաթիվ մասնագետներ, որոնք ազատ են, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել այս ոլորտում աշխատավարձերի նվազմանը։ Այնուամենայնիվ, այլ երկրներում այդ մասնագետների պահանջարկը դեռ շատ մեծ է, և այդ պատճառով մեր ՏՏ մասնագետները կարող են մեկնել այլ երկրներ կամ պարզապես սկսել աշխատել արտասահմանյան ընկերություններում, կամ նույնիսկ ընտրել ֆրիլանսի ուղին:

Եվ այդ ժամանակ մենք կկորցնենք մասնագետների, որոնք կարող էին ինչ-որ բան ստեղծել Հայաստանի համար և հարկեր վճարել մեր երկրին։

Արսեն Բաղդասարյանը նաև կարծում է, որ Հայաստանն այսօր կանգնած է կադրային արտահոսքի լուրջ վտանգի առաջ։

«Եթե անգամ արտահոսք չլինի, հարկային դաշտից հեռանալն ու ֆրիլանսին անցնելը անխուսափելի կլինի։ Ի վերջո, մարդիկ պաշտպանություն չեն գտնի ո՛չ մեծ, ո՛չ փոքր ընկերություններում՝ իմանալով, որ այդ ընկերությունները նույնպես կարող են շուտով փակվել»,- ասաց նա։

Կրթություն, գիտական հետազոտություն և անվտանգություն

ՏՏ ընկերությունները մեծ ներդրում ունեն կրթության, հետազոտության և անվտանգության ոլորտում, ուստի, ըստ Instigate ընկերության տնօրեն Արման Պողոսյանի, դրանք ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար։

«Մեր ընկերության տեսակետից ասեմ, միջին մասնագիտական, տեխնոլոգիական կրթության վրա ներդրումները տարեկան 200 մլն դրամի չափով են, գիտահետազոտական աշխատանքները՝ թեկնածուական թեզեր, մագիստրոսական ծրագրեր, դրանք բոլորը տուժում են: Մենք իրականացնում ենք թրեյնինգներ, որտեղ ոչ մասնագետները դառնում են ՏՏ մասնագետներ բոլոր ոլորտերում, այդտեղ մոտ 2000 մասնագետ մեր հաշվին ենք պատրաստել: Այդ ամբողջն իրականանում է ոլորտի ներդրումներով»,- ասում է նա:

Երբ ՏՏ ընկերությունները բախվում են ֆինանսական խնդիրների, ստիպված են լինում կասեցնել ողջ երկրի համար կարևոր սոցիալական, կրթական և այլ ծրագրերը։

«Տուժում են ապագա մասնագետները, տուժում է երկրի անվտանգությունը, տուժում է նրա տնտեսությունը,- ընդգծում է Արման Պողոսյանը,- Մեր երկիրն արդեն տասնամյակներ առաջ այս ոլորտի զարգացումը համարել է ռազմավարական ուղղություն, եւ անհասկանալի է, թե ինչու է հապաղում այն քաղաքականությունը, որը կբերեր այս ոլորտի վերականգնման, մեծ վնասներից խուսափելու: Այս անգործությունը հակաարդյունավետ է պետության կողմից»։

Իրավիճակից ելքե՞ր

NEWS.am Tech-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից ելքեր դեռ կան, եւ ամեն ինչ դեռ կորած չէ։ Օրինակ՝ եկամտահարկի վերադարձի մեխանիզմը որոշ չափով կմեղմի ՏՏ ընկերությունների կրած վնասները և նրանց ավելի շատ հնարավորություններ կտա, որպեսզի «գոյատևեն» մինչև ավելի լավ ժամանակներ կգան։

Փորձագետներն առաջարկում էին եկամտահարկի վերադարձը կիրառել ավելի երկար ժամկետով, սակայն մինչ օրս անգամ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկերի վերադարձի նախագիծը դեռ չի իրականացվել, այն նույնիսկ կառավարություն չի ներկայացվել։

«Նույնիսկ նախագծի այս տարբերակն է անտեսվում։ Արդեն երկու ամիս է՝ պատասխան չկա, իրավիճակն էլ ավելի է վատացել, քանի որ դրամն էլ ավելի է արժեւորվել»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Ճիշտ է, հարկերի վերադարձի նախագիծը, եթե նույնիսկ վերջնականապես իրականացվի, չի լուծի գլոբալ խնդիրը, քանի որ խոսքը 25 տոկոս կորստի մասին է, իսկ եկամտահարկի վերադարձը, որը նախատեսված է 4-5 ամսով, կթեթևացնի կորուստների միայն 10-15%-ը։

«Կարող են լինել երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ հարկային արտոնությունների տեսքով։ Օրինակ՝ Ռուսաստանում հարկերն իջեցվել են, որպեսզի թույլ չտան, որ ՏՏ ընկերությունները հեռանան երկրից։ Հայաստանից նույնպես շատ ընկերություններ կարող են հեռանալ՝ նախ անբարենպաստ պայմանների պատճառով, երկրորդ՝ կրճատումների պատճառով, որոնք կհանգեցնեն նրան, որ մարդիկ կսկսեն աշխատել արտասահմանյան ընկերություններում և հեռանալ հարկային դաշտից»,- ասաց նա։ 

Շուկան մի օր կվերականգնվի, բայց ՏՏ ոլորտը կարող է անդառնալիորեն ավերվել

Եթե ​​կառավարությունը ժամանակին և գրագետ քայլեր չձեռնարկի, Հայաստանում էլ ավելի շատ ՏՏ ընկերություններ կփակվեն, ավելի շատ կրճատումներ կլինեն, և դա, ինչպես նշեց «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, էլ ավելի մեծ վնաս կհասցնի ոլորտին, որն առանց այդ էլ արդեն ծանր վիճակում է․ Իսկ վերականգնման համար տարիներ կպահանջվեն։

«Երբ շուկան վերականգնվի, հանկարծ կարող է պարզվել, որ հայկական արտահանում այլեւս չկա, կամ լավագույն դեպքում կմնա մնացածի 50 տոկոսը։ Այս սթրեսային իրավիճակում պետությունն անելիք ունի։ Էկոնոմիկայի նախարարության կարճաժամկետ առաջարկը մեզ համար ընկալելի է եւ մեղմման միջոց կարող է դիտվել: Արդեն շաբաթներ, ամիսներ կառավարության կողմից դա քննարկման չի արժանանում: Այսինքն՝ կառավարության կողմից կա անգործություն: Երկու-երեք ամիս հետո դա կարող է շատ ուշ լինել», - ընդգծեց նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ