Սև խոռոչները որպես էներգիայի աղբյուր. գիտնականներն առաջարկում են դրանք օգտագործել որպես մարտկոցներ

29 նոյեմբերի, 2023  22:15

Փոքրիկ սև խոռոչները տեսականորեն կարող են օգտագործվել որպես միջուկային էներգիայի աղբյուր: Այս անսպասելի եզրակացությանն է եկել չինացի գիտնականների խումբը։

Նրանց տեսական հաշվարկների համաձայն՝ փոքր սև խոռոչները կարող են հիմք դառնալ ձգողականության էներգիայի կուտակման սարքեր ստեղծելու համար՝ մինչև 25% ՕԳԳ-ով։ Իսկ սև խոռոչների բացակայության դեպքում «կուտակիչներում» հնարավոր կլինի օգտագործել մութ նյութ, և այն ևս կաշխատի ինչպես հարկն է։

Ենթադրվում է, որ մեր Տիեզերքը պատված է սև խոռոչներով, բայց դրանք միշտ չէ, որ հեշտ է հայտնաբերել: Զանգվածն այն սև խոռոչների, որոնք գիտնականները կարող են անուղղակիորեն դիտարկել, տատանվում է մոտ Արեգակի հինգ զանգվածից մինչև տասնյակ միլիարդավոր զանգված: Սակայն տեսականորեն տիեզերքում ինչ-որ տեղ կարող են գոյություն ունենալ, այսպես կոչված, նախնադարյան սև խոռոչներ (որոնք ձևավորվել են ոչ թե մեծ աստղի գրավիտացիոն փլուզման հետևանքով, այլ գերխիտ նյութում տիեզերքի սկզբնական ընդլայնման պահին), և նրանք կարող են լինել փոքր, մինչև ենթաատոմային չափերի:

Մենք չգիտենք՝ գոյություն ունե՞ն նախնադարյան սև խոռոչներ, թե ոչ, բայց դրանց գոյությունը կարող է բազմաթիվ նոր հնարավորություններ բացել: Դրանցից մեկը մութ նյութն է, և այդ դերի  համար գրավիչ թեկնածու են համարվում հենց նախնադարյան սև խոռոչները։

Տյանցզինի համալսարանի գիտնականներ Չժան-Ֆենգ Մայը և Ռուն-Ցիու Յանը կարծում են, որ մեկ ատոմի չափ սև խոռոչները կարող են օգտագործվել որպես էներգիայի մարտկոցներ:

Մարտկոցը ոչ էլեկտրական էներգիան վերածում է էլեկտրական էներգիայի:

Միջուկային ռեակտորը միջուկային ռեակցիաների ուժն օգտագործում է էներգիա արտադրելու համար։ Իսկ փոքրիկ սև խոռոչը, ըստ Մայի և Յանի, տեսականորեն կարող է անել և՛ մեկը, և՛ մյուսը։

«Հաշվի առնելով այն փաստը, որ սև խոռոչը չափազանց ուժեղ ձգողականության ուժ ունի, հետաքրքիր հարց է առաջանում. գոնե տեսականորեն կարո՞ղ ենք օգտագործել սև խոռոչների ձգողականության ուժը էլեկտրական էներգիա ստեղծելու համար, այսինքն՝ օգտագործել սև խոռոչները որպես մարտկոցներ»,- հարցնում են գիտնականները:

Իրենց աշխատության մեջ նրանք պնդում են, որ տեսականորեն հնարավոր է որպես վերալիցքավորվող մարտկոց օգտագործել Շվարցշիլդի սև խոռոչը:

Նրանք տեսականորեն ապացուցել են, որ մեկ ատոմով և 1015-ից 1018 կգ զանգվածով սև խոռոչը կարող է արտադրել գեգաէլեկտրոնվոլտի չափ էներգիա: Էներգիան կարելի է ստանալ՝ սև խոռոչից զգողականության ազդեցությունը վերածելով էլեկտրականության՝ առնվազն 25% ՕԳԳ-ով։

Գիտնականների հոդվածը՝ նվիրված այս հաշվարկներին, տեղադրված է arXiv կայքում և առաջարկվել է հրապարակման Physical Review D ամսագրում:


 
 
 
 
  • Արխիվ