Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը 2 օրով հետաձգվել է

29 նոյեմբերի, 2023  09:26

Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով, այն երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին, տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:

Հիշեցնենք, որ ի սկզբանե արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին։

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:

Արբանյակը մշակած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

«Հայասաթ-1»-ը տիեզերք կուղարկվի ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից՝ SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության)։

«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որը կարձակվի տիեզերք, սակայն այն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։

Արբանյակն ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի համագործակցությամբ։

«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

Եթե վերջինիս փորձարկումը տիեզերքի ծանր պայմաններում բարեհաջող անցնի, այն հնարավոր կլինի հետագայում օգտագործել հայրենական և այլ երկրների արբանյակներում։


 
 
 
 
  • Արխիվ