Դոլարի կտրուկ արժեզրկումը մեծ հարված է հասցրել Հայաստանի ՏՏ ոլորտին. ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել

2 նոյեմբերի, 2022  20:10

Այս տարվա սկզբում Հայաստանի արտարժույթի շուկայում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, որոնց նպաստեցին մի շարք գործոններ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական իրադարձությունները։ Առաջին հարվածը հասցվեց դոլարի փոխարժեքին, հետո արդեն գահավիժեց նաեւ եվրոն: Այս ամենը լրջագույնս հարվածեց ՏՏ ոլորտին:

ՏՏ ոլորտի ընկերությունների կրած վնասները փոքր-ինչ փոխհատուցելու նպատակով պետական մարմինների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կառավարության որոշման նախագիծ, որը ենթադրում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար ՏՏ կազմակերպություններին վերադարձնել եկամտային հարկը։

Սակայն մինչ օրս այս հարցում որեւէ տեղաշարժ չկա:

ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցող նախագիծը մինչ օրս չի մտել կառավարություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը 90 եւ ավելի տոկոսով արտահանելի է, դա նշանակում է, որ պատվերների համար վճարում են արտարժույթով, հետեւաբար, դրամի արժեւորմամբ պայմանավորված այս ոլորտում աշխատող կազմակերպությունների եկամուտները 20-25 տոկոսով նվազել են: Արդյունքում շատ ընկերություններ լուրջ վնասներ են կրել, մի մասը ստիպված է եղել կրճատել աշխատակազմը, մյուսները՝ նույնիսկ փակվել:

«Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ բոլոր ռազմավարական փաստաթղթերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի դերակատարումը մինչեւ 70 տոկոս է: Սա նշանակում է, որ երբ խոսում ենք ոլորտի երկարաժամկետ կորուստների մասին, դա ռազմավարական լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը», - NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց նա:

Չոբանյանի խոսքով՝ ապրիլից սկսած տասնյակ հանդիպումներ են եղել թե՛ Կենտրոնական բանկի, թե՛ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Դրանց արդյունքում հունիս-հուլիսին ներկայացվել է ոլորտի աջակցության սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, որը, ինչպես վերեւում նշվել էր, սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի վերադարձի միջոցով պիտի մասամբ փոխհատուցեր այն վնասները, որոնք ընկերությունները կրել են եւ դեռ կկրեն դրամի արժեւորման պատճառով:

Առաջին հայացքից, նախագծի գաղափարը լավն է, եւ այն կարող է գոնե ինչ-որ չափով օգնել լուրջ խնդիրների առաջ կանգնած ՏՏ կազմակերպություններին: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ:

«Այդ նախագիծն առ այսօր չի դրվել քննարկման պետական համակարգում եւ չի ընդունվել», - ասաց Չոբանյանը:

Խնդիրը բիզնեսի նկատմամբ պետության վերաբերմունքի մեջ է

«Իմ կարծիքով՝ խնդիրը քաղաքական որոշման մեջ է, եւ բիզնեսի ու արդյունաբերության նկատմամբ պետության վերաբերմունքի մեջ է»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Այլ երկրներում, Չոբանյանի խոսքով, պետության վերաբերմունքը բիզնեսին կտրականապես տարբերվում է այն վերաբերմունքից, որը այսօր կա Հայաստանում։

«Ես մի առիթով Թայվանում էի եւ տեսա, թե ինչպես են պետական պաշտոնյաները պտտվում բիզնեսների շուրջը, եւ երբ փորձեցի հասկանալ մեխանիզմը, ինձ համար ձեւակերպեցին, որ պետական պաշտոնյան նրա համար է, որ աջակցի բիզնեսին իր գործն ավելի լավ անելու համար, որովհետեւ արդյունաբերությունն է պահում երկիրը:

Մենք հակառակ մոտեցումն ունենք, մեզ թվում է, որ բիզնեսը բոլորին պարտական է և ամեն ինչ պետք է ինքնուրույն անի։ Կարծում եմ՝ մեր երկրի, մեր հասարակության համար կրիտիկական, հանգուցային կլինի այն պահը, երբ մենք իրական արտադրող, արարող մարդուն դնենք այդ հիերարխիայի ամենավերեւի կետում եւ դրանից հետո նոր լինեն սպառողները, ներառյալ պետական պաշտոնյաները»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը:

Այսօր Հայաստանում, ցավոք, բիզնեսի նկատմամբ չկա պատշաճ հարգանք։ Ավելին, պետական պաշտոնյաները փորձում են մեղադրել ՏՏ ոլորտում աշխատող ընկերություններին այն խնդիրների, որոնց բախվել են։ Նրաք այնպես են խոսում, ասես ՏՏ ընկերությունները պարտավոր էին կանխատեսել, պլանավորել, ինչ–որ բան ձեռնարկել։

«Ընդ որում, այդ ամենը մարդիկ են ասում, որոնք իրենց կյանքում ոչ մի ընկերություն չեն ստեղծել: Ես այս վարքագիծը երբեք չեմ ընդունում: Եթե որեւէ մեկը կառավարությունում պաշտոնյա է, ես էլ եմ եղել պաշտոնյա, դա չի նշանակում, որ ինքն առավել է այս ձեռնարկությունների ղեկավարներից: Ընդհակառակը, այս ընկերությունները տարիներ շարունակ վճարել են հարկեր, որոնցից  են գոյանում են աշխատավարձեր, այդ թվում՝ պետական պաշտոնյաներինը:

Պետք է հարգանք եւ աջակցություն լինի այդ ձեռնարկությունների նկատմամբ, ոչ թե փորձեն միակողմանի գնահատականներ տալ՝ դրա ո՛չ բարոյական, ո՛չ այլ իրավունքը չունենալով»:

Ի՞նչպես կարելի է փրկել ՏՏ ոլորտը Հայաստանում

Հայկ Չոբանյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը փրկելու իր բանաձեւերն ունի։

Իհարկե, լավ արդյունք ունենալու համար հարկավոր էր շատ արագ արձագանքել, քանի որ այս ամիսներին շատ ընկերություններ անդառնալի կորուստներ են կրել, այդ թվում կորցրել են հաճախորդներ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել են:

NEWS.am Tech-ի հետ զրույցում նա ասաց, որ սա այն դեպքերից է, երբ արագությունը շատ կարեւոր է, եւ նման նախագծերը (օրինակ, եկամտահարկի վերադարձի վերոհիշյալ նախագիծը), որոնք կարճաժամկետ հարց են լուծում, պետք է ընդունվեն մեկ ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում, ուշացած որոշում է լինում:

Սակայն կարճաժամկետ լուծումներից բացի, ոլորտում անհրաժեշտ են նաեւ երկարաժամկետ լուծումներ, որոնք առաջիկա տարիների համար գոնե որոշակի կայունություն կապահովեն տեղական կազմակերպությունների համար:

«Դրանցից ամենաընդունելի գործիքը հեջավորման գործիքն է, որը հնարավորություն է տալիս բանկերի հետ միասին փոխարժեք ֆիքսել որոշակի ժամանակահատվածի՝ կես տարվա կամ մեկ տարվա համար: Դա հնարավորություն կտա, որ գոնե նոր պայմանագրերն իրականացվեն փոխարժեքը ֆիքսելով՝ խուսափելու համար արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Կան նաեւ այլ գործիքներ, որոնք ամբողջ աշխարհը կիրառում է. դա հատուկ տնտեսական գոտիներն են, հատուկ ֆիսկալ քաղաքականությունն է ռազմավարական ոլորտների նկատմամբ»,- ասաց նա։

Չոբանյանի խոսքով՝ մինչեւ այս տարեվերջ բանկային համակարգի եւ կառավարության հետ կոնսենսուս ունենալը խիստ կարեւոր է 2023 թ․ եւ դրանից հետո ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար:

Փորձագետների կարծիքով՝ այսօր, նույնիսկ ուշացումով, շատ բան կարելի է անել Հայաստանի ՏՏ ընկերություններին օգնելու համար, որպեսզի ոտքի կանգնեն։ Բայց խնդիրն այն է, որ այսօր այս ամենը պարզապես չի արվում։ Էլ ավելի մեծ խնդիր է այն, որ եթե ոչինչ չձեռնարկվի, ՏՏ ոլորտն անդառնալի կորուստներ կունենա։ Արտարժույթի շուկայում իրավիճակը մի օր, իհարկե, կկարգավորվի, վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենա։ Բայց արդյո՞ք տուժած ընկերությունները կկարողանան են վերականգնվել:


 
 
 
 
  • Արխիվ