Մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչի առեղծվածները. այնտեղ անհայտ, բայց կանոնավոր ակտիվություն է հայտնաբերվել

27 նոյեմբերի, 2023  22:26

Մեքսիկացի երկու գիտնականներ, որոնք ուսումնասիրում են Fermi գամմա աստղադիտակի տվյալները, անսպասելի կանոնավոր ակտիվություն են հայտնաբերել մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչի շուրջը: Աղեղնավոր A* սև խոռոչը սովորաբար համարվում է հանգիստ. այն չի կլանում նյութի զանգված և դրա մոտակայքում բազմաթիվ արտանետումներ չկան: Սակայն վերջերս գիտնականներն այս խոռոչի շրջակայքում առեղծվածային փայլատակումներ են հայտնաբերել։

Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի աստղաֆիզիկոսներ Գուստավո Մագալանես-Գիխոնը և Սերխիո Մենդոզան որոշել են ավելի ուշադիր ուսումնասիրել մի քանի տարի առաջ նկատված պարբերական ռենտգենյան բռնկումները։ Նրանք վերլուծել են Fermi աստղադիտակի տվյալները, որոնք հավաքվել են 2022-ին՝ 180 օրվա ընթացքում:

Վերլուծությունը, որի արդյունքները նկարագրված են arXiv կայքի հոդվածում, բացահայտել է հետաքրքիր օրինաչափություն՝ յուրաքանչյուր 76,32 րոպեն մեկ Աղեղնավոր A*-ի շրջակայքից 3 սիգմա ճշգրտությամբ գամմա ազդանշան է ստացվում: Պետք է նշել, որ հայտնագործության «երկաթե» հաստատման համար պահանջվում է առնվազն 5 սիգմա ճշգտրություն։ Գիտնականների կարծիքով՝ մեծ հավանականություն կա, որ գազի մի կույտ պտտվում է Աղեղնավոր A*-ի շուրջը՝ Արեգակից դեպի Մերկուրի եղած հեռավորության վրա՝ լույսի արագության մոտ 30%-ի չափով։

Գիտնականները ենթադրում են, որ գազի այս ամպը կարող է ճառագայթել այլ տիրույթներում, և դրա պարբերական ակտիվությունը կապված է ռենտգենյան ճառագայթների տիրույթում նախկինում հայտնաբերված բռնկումների հետ: Թեև բուն սև խոռոչից ոչ մի ճառագայթ չի փախչում, ակրեցիոն սկավառակի նյութի կլանման շրջանում գործընթացները շատ, շատ ակտիվ են և ուղեկցվում են էներգիայի արտանետումներով:

Այս հայտնագործությունը նոր հորիզոններ է բացում սև խոռոչների դինամիկան և շրջակա տարածության վրա դրանց ազդեցությունը հասկանալու համար:


 
 
 
 
  • Արխիվ