James Webb-ը հայտնաբերել է էկզոմոլորակ, որի վրա ավազե ամպեր կան և ավազե անձրևներ են տեղում

24 նոյեմբերի, 2023  16:19

James Webb տիեզերական աստղադիտակն ուսումնասիրել է Երկրից 200 լուսատարի հեռավորության վրա գտնվող WASP-107b էկզոմոլորակը և պարզել, որ այնտեղ ավազե ամպեր կան և ավազե անձրևներ են տեղի ունենում։

WASP-107b էկզոմոլորակը Կույս համաստեղության WASP-107 համակարգում հայտնաբերվել է 2017-ին Wide Angle Search for Planets (WASP) ռոբոտացված աստղադիտարանի կողմից: Սա համակարգի երկրորդ մոլորակն է։ WASP-107b-ի տրամագիծը մոտավորապես հավասար է Յուպիտերի տրամագծին, իսկ դրա զանգվածը մոտ Նեպտունի զանգվածին: Իրականում, դա գազային հսկա է։

Գիտնականներն օգտագործել են Webb-ում տեղադրված MIRI (Mid-Infrared Instrument) գործիքը և շատ հետաքրքիր մանրամասներ իմացել WASP-107b մոլորակի մասին, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ տիեզերքում էկզոմոլորակների էվոլյուցիան և բազմազանությունը: Այսպես, WASP-107b-ի մթնոլորտում հայտնաբերվել են ջրի գոլորշու, ծծմբի երկօքսիդի և «ավազի» ամպի նշաններ, սակայն, զարմանալիորեն, մեթանի հետքեր չեն հայտնաբերվել։

Էկզոմոլորակի մթնոլորտի անսովոր բնույթը դրա հյուրընկալող աստղի ֆոտոններին թույլ է տվել ավելի խորը ներթափանցել, և դա հանգեցրել է մոլորակի մթնոլորտում մեծ ծավալով ծծմբի երկօքսիդի ձևավորմանը, որն անսպասելի է այս տեսակի աշխարհի համար: Սակայն ամենազարմանալին սիլիկատային մասնիկների (երկրային ավազի հիմնական բաղադրիչը) ամպերի հայտնաբերումն է եղել: WASP-107b-ի ջերմաստիճանը մոտ 500 °C է: Այս ջերմաստիճաններում սիլիկատային մասնիկներից ձևավորված ամպերն անձրև են առաջացնում, որը թափվում և գոլորշիանում է ավելի ցածր մակարդակներում, այնուհետև հետ է բարձրանում և կրկին հավաքվում՝ վերածելվով ամպի:

Մեկ այլ անակնկալ է եղել էկզոմոլորակի մթնոլորտում մեթանի բացակայությունը։ Այն սովորաբար մշտական ​​բաղադրիչ է գազային հսկաների մթնոլորտում: Գիտնականները կարծում են, որ WASP-107b-ի մթնոլորտն ավելի տաք է եղել, քան նախկինում ենթադրվում էր, ինչը խանգարում էր մեթանի կուտակմանը դրա մեջ։

Այսպիսով, գիտնականները քայլ առ քայլ հավաքում են տիեզերքի տարբեր մասերի աշխարհների վրա մթնոլորտային բաղադրության բազմազանության պատկերները՝ փորձելով հասկանալ ոչ միայն հեռավոր մոլորակների, այլև մեր Երկրի էվոլյուցիայի օրինաչափություններն ու ուղիները:


 
 
 
 
  • Արխիվ