2023թ․ Google-ը կդադարեցնի Street View-ի աջակցությունը․ առաջիկայում հավելվածը կհեռացվի App Store-ից և Google Play-ից

2 նոյեմբերի, 2022  16:39

Google-ը նախատեսում է 2023 թ․ մարտին դադարեցնել Street View առանձին հավելվածի աջակցությունը։ Արդեն «առաջիկա շաբաթներին» ընկերությունը կհեռացնի հավելվածը App Store-ից և Google Play-ից։

Street View հավելվածը, որը հասանելի է ինչպես Android-ի, այնպես էլ iOS-ի համար, թույլ է տալիս դիտել աշխարհի տարբեր վայրերը Google-ի քարտեզներում, ինչպես նաև ավելացնել 360° անկյան դիտման հնարավորությունը, որով կարելի է դիտել տարբեր քաղաքների փողոցները։

Street View-ն հասանելի է Google Maps-ի հիմնական հավելվածում, մինչդեռ պանորամա տեսարանները կարող են ավելացվել Street View Studio առանձին վեբ հավելվածի միջոցով: Այս ամենն անիմաստ է դարձնում Street View առանձին հավելվածը․ հավանաբար, հենց դա է պատճառը, որ ընկերությունը պլանավորում է դադարեցնել հավելվածի աջակցությունը:

Ինչպես հայտնում է The Verge-ը, այս փոփոխությունը դժվար թե ազդի հենց Google Maps-ի վրա։ Ընդհակառակը, Street View-ն կարող է ավելի դետալային և ավելի լավը դառնալ Google Maps-ում։ Google-ը վերջերս ցուցադրել է գործիքներ, որոնք շատ հետաքրքիր հնարավորություններ կավելացնեն քարտեզների հարթակում: Այս գործիքներից է, այսպես կոչված, Immersive View-ն, որն ապահովում է կոնկրետ վայրի եռաչափ տեսարան երկնքից և տեղեկություն է տրամադրում եղանակի, երթևեկության և այլնի մասին:

Մեկ այլ օգտակար գործառույթ, որը մշակվել է Google Maps Live View-ի համար, օգտագործում է հավելյալ իրականության տեխնոլոգիա՝ օգտատիրոջ համար անհրաժեշտ տեղեկատվությունը, օրինակ՝ քայլելու երթուղին, սմարթֆոնի տեսախցիկի տեսադաշտի վերևում ցույց տալու համար: Այս ֆունկցիան օգտատերերի համար կհեշտացնի բանկոմատներ, ռեստորաններ և այլ վայրեր գտնելը: Առաջիկա ամիսներին այս գործառույթը հասանելի կլինի Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում և Տոկիոյում:

Հիշեցնենք, որ վերջերս Google-ը փակել է նաև հաղորդագրությունների փոխանակման Hangouts հարթակը և օգտատերերին առաջարկել է անցնել Google Chat հարթակ: 


 
 
 
 
  • Արխիվ