Apple-ի գործերը լավ չեն․ iPhone-ի վաճառքը նվազում է, կարանտինի և սովի պատճառով աշխատողները փախչում են չինական գործարանից

1 նոյեմբերի, 2022  14:39

Վերջին ամիսներին Apple ընկերությունը բախվել է մի շարք խնդիրների։ Աշխարհում նոր iPhone 14-ի վաճառքի նվազման ֆոնին iPhone-ների վաճառքը նվազել է նաև Չինաստանում։ Խնդիրներ են ծագել նաև Չինաստանում գտնվող գործարաններից մեկում, որտեղից աշխատողները կարանտինի և սովի պատճառով զանգվածաբար փախչում են։ Բացի դրանից, վերջերս Apple-ից հեռացել են խանութների և տեղեկատվական ենթակառուցվածքի կառավարման համար պատասխանատու ղեկավարները։

Ինչո՞ւ են աշխատողները փախչում iPhone-ի գործարանից

Աշխատողները փախչում են Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող Foxconn գործարանից, որն iPhone արտադրող ամենամեծ գործարանն է։ Համացանցում շատ լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ բարձրանում ցանկապատի վրայով և փախչում գործարանից:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, Չժենչժոուի գործարանում աշխատում է մոտ 200 000 մարդ, որոնք էլ հավաքում են iPhone սմարթֆոնների մեծ մասը։ Վերջերս գործարանը կարանտինային սահմանափակումների տակ է հայտնվել COVID-19-ի նոր բռնկումների պատճառով, ինչը հանգեցրել է աշխատողների կյանքի որակի կտրուկ անկման. նրանք ստիպված են աշխատել, սնվել և նույնիսկ քնել գործարանում։ Վարակվածները գտնվում են կարանտինում, և սննդից նրանց տալիս են միայն հաց և արագ պատրաստվող լապշա։ Շատերին նույնիսկ դա չի տրվում, և նրանք ստիպված են լինում ինքնուրույն սնունդ հայթայթել։

Foxconn-ի պաշտոնյաները նշում են, որ իրավիճակը վերահսկվում է, և աշխատողներին տրամադրվում է սնունդ և դեղորայք, իսկ հեռանալ ցանկացողներին տրամադրվում են ավտոբուսներ:

Սակայն լրատվամիջոցները վստահ չեն, որ ամեն ինչ իսկապես վերահսկելի է։ Ավելին, գործարանը, ամենայն հավանականությամբ, թաքցնում է հեռացող աշխատողների իրական թիվը, և Foxconn-ի գործարաններում iPhone-ի արտադրությունը շուտով կարող է նվազել 30%-ով։

Ինչո՞ւ են iPhone-ի վաճառքները նվազում

Ճիշտ է, iPhone-ի արտադրության անկումը կարող է լրացուցիչ խնդիրներ չստեղծել սպառողների համար, քանի որ այս սմարթֆոնների պահանջարկը, կարծես թե, նույնպես նվազում է։

Չինաստանում վերջերս, ինչպես գրում է Bloomberg-ը, կտրուկ նվազել է iPhone-ի տարածվածությունը, այն նախկինի պես պոպուլյար չէ, և փորձագետները սա մտահոգիչ միտում են համարում Apple-ի համար, քանի որ չինական շուկան ընկերության համար առանցքայիններից մեկն է։

Ըստ Jefferies բանկի վերլուծաբան Էդիսոն Լիի՝ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում iPhone-ի վաճառքներն աճել են 5,7%-ով, սակայն վերջին մեկ ամսում դրանք իջել են նախկին մակարդակներին և նույնիսկ ավելի ցածր՝ ընկերությունը կորցրել է շուկայի 4-5%-ը, թեև պատճառները դեռ չեն նշվում:

Թերևս ամեն ինչ կապված է մրցակցության հետ. այսօր շուկայում կարելի է գտնել չինական ապրանքանիշերի շատ լավ սմարթֆոններ, որոնք ցածր գնի համեմատ տեխնիկական լավ պարամետրեր ունեն։ Ամբողջ աշխարհում տնտեսական խնդիրների ֆոնին շատ օգտատերեր կարող են սկսել նախապատվությունը տալ հենց այդպիսի սարքերին:

Apple-ի սմարթֆոններն այժմ բավական վատ են վաճառվում նաև այլ երկրներում՝ ոչ միայն Չինաստանում: Ընկերությունը նույնիսկ նախատեսում է կրճատել iPhone 14-ի արտադրությունը, որը, կարծես թե, օգտատերերին այնքան էլ դուր չի գալիս. շատ գնորդներ դժգոհում են այս սմարթֆոնների հետ կապված մի շարք խնդիրներից, ավելին, դրանց բնութագրերը նույնպես այնքան էլ մրցունակ չեն։

Apple-ը կարող է նաև կրճատել iPhone 14 Plus-ի արտադրությունը, որի վաճառքը գրեթե զրոյական է։

Ինչո՞ւ են ղեկավարները հեռանում Apple-ից

Չնայած բոլոր խնդիրներին, Apple-ը, ըստ եռամսյակային հաշվետվությունների, երրորդ եռամսյակն ավարտել է ավելի լավ, քան շատ մրցակիցներ։ Ընկերությունում, սակայն, այսօր տեղի են ունենում նաեւ կադրային փոփոխություններ՝ վերջին մեկ ամսում ընկերությունից հեռացել է առնվազն երեք փոխնախագահ։

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը լքել են Աննա Մաթիասսոնը, որը պատասխանատու էր առցանց խանութների համար, և Մերի Դեմբին, որը երեք տասնամյակ պատասխանատու էր կորպորատիվ տեղեկատվական համակարգերի համար և թոշակի է գնացել։ Հոկտեմբերին Apple-ից հեռացել է նաև արդյունաբերական դիզայնի ղեկավար Էվանս Հենքին, իսկ ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, հեռացել էր տեղեկատվության պաշտպանության հարցերով գլխավոր մասնագետ Ջեյն Հորվաթսը: 

Այս մասնագետների հեռանալու պատճառները դեռևս անհայտ են՝ դրանց մասին կարելի է միայն ենթադրել։ Առայժմ հայտնի է միայն, որ Apple-ի կորպորատիվ տեղեկատվական համակարգերի բաժնի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին։ Թե ովքեր են փոխարինել հեռացած մյուս մասնագետներին, չի հաղորդվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ