Բրիտանացին Apple-ի կայքում պատվիրել է iPhone 15 Pro Max և ստացել Android-ով աշխատող կեղծ հեռախոս (լուսանկար)

14 նոյեմբերի, 2023  14:35

Reddit-ում TheEdmard մականունով օգտատերը, որը  Մեծ Բրիտանիայից է, Apple-ի պաշտոնական կայքում պատվիրել է iPhone 15 Pro Max և ստացել կեղծ հեռախոս:

Reddit սոցիալական ցանցում նա ասել է, որ պատվիրելուց հետո Apple-ից ստացել է առաքման հաստատման բոլոր նամակները և պատվերի հետագծման տեղեկությունները Dynamic Parcel Distribution (DPD) առաքման ծառայությունից։ Փաթեթավորման և առաքման տուփերը վնասված կամ բացված չեն եղել: Սակայն երբ նա բացել է iPhone-ի տուփը, անմիջապես հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: Առաջին բանը, որ նա նկատել է, եղել է հեռախոսի էկրանին պաշտպանիչ թաղանթը, ինչը նրան ստիպել է մտածել, որ իրեն կարող էին ուղարկած լինել հեռախոս, որն օգտագործվածել է և հետո վերադարձվել: Սակայն ամեն ինչ էլ ավելի վատ է եղել։

fake iphone 15-1.jpeg (79 KB)

Հաջորդիվ նա նկատել է, որ էկրանի հետ մի բան այն չէ․ այն եղել է չափազանց մեծ շրջանակներով և ակնհայտորեն ոչ OLED: Հեռախոսի կարգավորումները, օպերացիոն համակարգը (որը, ինչպես պարզվել է, Android է, որը փորձում էր ընդօրինակել iOS-ի ինտերֆեյսը, բայց անորակ կերպով) և նախապես տեղադրված հավելվածները, ինչպիսիք են TikTok-ը, Facebook-ը և YouTube-ը, փարատել են բոլոր կասկածները. դա իսկական iPhone չէր:

fake iphone 15-2.jpeg (77 KB)

Բարեբախտաբար, theEdmard համակարգ մուտք չի գործել իր Apple ID-ով և չի տեղադրել Apple Wallet-ը կեղծ սարքի վրա: Եթե ​​նա աներ դա, ապա մեծ հավանականություն կար, որ նրա անձնական և ֆինանսական տվյալները կարող էին գողացվել կեղծ սարքի ստեղծողների կողմից:

fake iphone 15.jpg (57 KB)

Կեղծ iPhone ստանալն անմիջապես Apple-ին պատվեր կատարելուց հետո իսկապես անսովոր իրավիճակ է: Նմանատիպ միջադեպեր տեղի են ունենում էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներում թանկարժեք սմարթֆոններ գնելիս, սակայն Apple-ն ինքը հայտնի է իր անվտանգ առաքմամբ: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում իրական սմարթֆոնի փոխարինումը կեղծով տեղի է ունեցել Apple-ի և պատվիրատուի միջև եղած օղակում։

Նշենք, որ տուժած հաճախորդն արդեն դիմել է Apple-ի աջակցության կենտրոն, և ընկերությունը խոստացել է, որ շուտով կկապվի նրա հետ և կհետաքննի իրավիճակը:


 
 
 
 
  • Արխիվ