Որքա՞ն է թանկացել iPhone 15 Pro Max-ի արտադրությունը տիտանե շրջանակի պատճառով

10 նոյեմբերի, 2023  14:03

Նոր iPhone 15 Pro Max-ի արտադրությունը Apple-ին արժենում է 37,7 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro Max մոդելը: Ըստ Counterpoint Research վերլուծական ընկերության՝ դա պայմանավորված է նրանով, որ նոր սմարթֆոնում ավելի թանկ և առաջադեմ բաղադրիչներ են կիրառվում։

Նոր սմարթֆոնի արժեքը բարձրացնող գործոններից մեկը կորպուսում տիտանե շրջանակի օգտագործումն է․ տիտանը 7 դոլարով բարձրացրել է կորպուսի արժեքը։ Բացի դրանից, տիտանի շրջանակի շնորհիվ սմարթֆոնը դարձել է ավելի ամուր և միաժամանակ 20 գրամով ավելի թեթև։

Ամենաթանկ բաղադրիչներն են 3 նանոմետրանոց Apple A17 Pro չիպը և կատարելագործված տեսախցիկները, որոնք նախորդ մոդելի համեմատ թանկացրել են ծախսերը համապատասխանաբար 30 և 25,1 դոլարով։

Սակայն միևնույն ժամանակ Apple-ը կարողացել է մասամբ փոխհատուցել ծախսերի աճը՝ նվազեցնելով հիշողության չիպերի, էկրանների, կապի մոդուլների և այլ բաղադրիչների գները: Բացի դրանից, iPhone 14 Pro Max-ում Apple-ի մշակած բաղադրիչների մասնաբաժինը 22%-ից աճել է և iPhone 15 Pro Max-ում կազմել 25%:

Ընդհանուր առմամբ, iPhone 15 Pro Max-ի արտադրության արժեքը գնահատվում է 558 դոլար:

Հիշեցնենք, որ վերջերս տեխնոլոգիական բլոգեր Զաք Նելսոնը, որը YouTube-ում ներկայանում է JerryRigEverything մականունով, նոր iPhone 15 Pro Max-ը սղոցել էր, որպեսզի չափի սմարթֆոնի կորպուսի տիտանե շերտի հաստությունը։ Ինչպես պարզվել էր, կորպուսի ալյումինե հատվածը ներսում է, իսկ այն ծածկելու համար օգտագործվում է տիտանե շերտ։ Այս շերտի հաստությունը, ինչպես ասել է Զաքը, մոտ մեկ միլիմետր է, ինչը սմարթֆոնին լրացուցիչ ամրություն և պաշտպանություն է հաղորդում։


 
 
 
 
  • Արխիվ