95 տարեկանում մահացել է տիեզերագնաց Ֆրենկ Բորմանը, որը ղեկավարել է դեպի Լուսին առաջին թռիչքը

10 նոյեմբերի, 2023  10:10

Ինսունհինգ տարեկան հասակում մահացել է NASA-ի նախկին տիեզերագնաց Ֆրենկ Բորմանը, որը 1968-ին գլխավորել է Apollo 8 առաջին լուսնային առաքելությունը։ Բորմանը մահացել է Մոնտանայի Բիլինգս քաղաքում նոյեմբերի 7-ին։ NASA-ն հաստատում է նրա մահը։

Բորմանը NASA-ի տիեզերագնացների երկրորդ դասի անդամ էր և երկու անգամ եղել է տիեզերքում։ Apollo 8-ը նրա երկրորդ առաքելությունն էր, որի ընթացքում նա ղեկավարել է առաջին անձնակազմը, որը դուրս է եկել Լուսնի ուղեծիր: Առաքելությունը մեկնարկել է 1968-ի դեկտեմբերի 21-ին, և Բորմանը, Ջիմ Լովելը և Բիլ Անդերսը դարձան առաջին տիեզերագնացները, որոնք թռան Saturn V-ով, որն այն ժամանակ ԱՄՆ-ի ամենահզոր հրթիռն էր: Հրթիռի երրորդ աստիճան, որը տեղափոխում էր Apollo 8-ի անձնակազմին, զարգացրել է 17,000-ից մինչև 24,000 մղոն/ժ (27,000-ից 39,000 կմ/ժ) արագություն, որն ամենամեծ արագությունն էր, որով տիեզերագնացներն ընթացել էին մինչ այդ պահը։

«Սատուրն V-ը եզակի փոխադրամիջոց էր,- 1999-ին NASA-ի հետ պատմական հարցազրույցում ասել է Բորմանը,- Այն հզոր էր, աղմկոտ և թրթռացող: Բայց երբ հասնում ես երրորդ փուլին՝ S-IVB-ին, ամեն ինչ սահուն ու հանգիստ է դառնում»։

Բորմանը և անձնակազմի նրա երկու անդամները Լուսին էին հասել Երկիր մոլորակը լքելուց երեք օր անց: Apollo 8-ը մտել է էլիպսաձեւ ուղեծիր, և անձնակազմը մոտեցել է Լուսնին մինչև 115 մղոն (185 կիլոմետր) հեռավորության վրա: Այսպիսով, Բորմանը, Լովելը և Անդերսը դարձան առաջին մարդիկ, որոնք իրենց աչքերով տեսան Լուսնի հեռավոր կողմը: Նրանք 10 շրջան են արել մեր մոլորակի արբանյակի շուրջ, իսկ չորրորդի ժամանակ կարողացել են տեսնել Երկիր մոլորակը Լուսնի ուղեծրից։

Լուսնի ուղեծրում գտնվող Apollo 8-ի անձնակազմը լուսանկարներ է արել, որոնք օգնել են ընտրել այն վայրերը, որտեղ տիեզերագնացները հետագայում կկարողանան վայրէջք կատարել Լուսնի վրա: Բորմանը, Լովելը և Անդերսը Սուրբ ծննդյան օրը լքել են Լուսնի ուղեծիրը և դեկտեմբերի 27-ին վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում, որտեղ նրանց սպասում էր USS Yorktown ավիակիրը:

Բացի Apollo 8 առաքելության անձնակազմի ղեկավարի դերը կատարելուց, Բորմանը նաև Gemini 7 տիեզերանավի վետերաններից է և 14 օր անցկացրել է Երկրի ցածր ուղեծրում, ինչպես նաև կատարել առաջին մոտեցումը տիեզերքում՝ Gemini 6 տիեզերանավին մոտենալով մինչև մի քանի մետր հեռավորության վրա:

Նշենք, որ մինչև մահանալը Բորմանը համարվում էր ամենատարեց ամերիկացի տիեզերագնացը, սակայն այժմ այս կոչումը ստացել է նրա թիմակից Լովելը, որը 11 օրով փոքր է նրանից։


 
 
 
 
  • Արխիվ