Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հոսպիտալացվել է. ըստ ԶԼՄ-ների՝ նա կաթված է ստացել

9 նոյեմբերի, 2023  15:00

Ամերիկյան Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հոսպիտալացվել է Մեխիկոյում, որտեղ պետք է ելույթ ունենար բիզնես ֆորումում, հայտնում են El Sol De Mexico-ն և TMZ-ը։

Ինչպես հայտնում է El Sol De Mexico-ը, Վոզնյակի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան մատակարարման խանգարում, և նրա մասնակցությունը ֆորումին չեղարկվել է բժշկական պատճառներով։

TMZ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ գործարարը գանգատվել է գլխապտույտից։ Ի հայտ եկած ախտանիշները անհանգստացրել են կնոջը, որն էլ պնդել է, որպեսզի ամուսնուն հոսպիտալացնեն։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Վոզնյակը գտնվում է Մեխիկոյի հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, որտեղ զննություն է անցնում։

Ըստ TMZ-ի՝ Վոզնյակի թիմի մի քանի անդամներ մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ-ից մեկնել են Մեքսիկա, որպեսզի անհրաժեշտության դեպքում բուժման համար նրան ԱՄՆ տեղափոխեն:

ForoTV, El Pais, El Tempo և El Financiero հեռուստաալիքները հաղորդում են, որ Վոզնյակը կաթված է ստացել։ Ձեռնարկատերը ՄՌՏ հետազոտության է ենթարկվել, նրա վիճակը գնահատվում է կայուն, հայտնում է El Tempo-ն։

Վոզնյակը 73 տարեկան է։ Սթիվ Ջոբսի և Ռոնալդ Ուեյնի հետ նա Apple ընկերությունը հիմնադրել է 1976-ին։ 1981-ին Վոզնյակը ավիավթարի է ենթարկվել և դադարեցրել է կորպորացիայի կառավարմանն իր մասնակցությունը։ Հետագայում աշխատել է որպես ինժեներ և գիտնական՝ համագործակցելով մի շարք ընկերությունների և ոչ առևտրային միությունների հետ։

2020-ի դրությամբ նա շարունակում էր մնալ Apple-ի աշխատակից և ստանում էր աշխատավարձ (շաբաթական 50 դոլար): Ինչպես պարզաբանել է ինքը՝ Վոզնյակը, միակ մարդը, որը կարող էր իրեն աշխատանքից ազատել պայմանագրով, Սթիվ Ջոբսն էր, ով մահացել է 2011թ.։


 
 
 
 
  • Արխիվ