Պլուտոնի վրա գերհրաբխի ժայթքումը հուշում է, որ մակերեսի տակ թաքնված օվկիանոս կա

31 հոկտեմբերի, 2023  22:12

Գիտնականները Պլուտոն մոլորակի վրա հայտնաբերել են խառնարան, որը վկայում է այն մասին, որ մոլորակի մակերեսի տակ օվկիանոս կա։ Նրանք այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով տվյալները՝ ստացված NASA-ի New Horizons տիեզերանավից, որը Պլուտոնի կողքով անցել է մեկ տասնամյակ առաջ։

Հետազոտողները Պլուտոնի Sputnik Planitia կոչվող պայծառ, սրտաձև շրջանի մոտ հայտնաբերել են անսովոր խառնարան, որն ստացել է Կիլաձե անունը։ Ըստ գիտնականների՝ այն կարող է գերհրաբուխ լինել և, հավանաբար, ժայթքել է ընդամենը մի քանի միլիոն տարի առաջ: Թեև կարող է թվալ, թե դա շատ վաղուց է եղել, սակայն տիեզերական մասշտաբներով դա տեղի է ունեցել բավականին վերջերս է (hամեմատության համար նշենք, որ արեգակնային համակարգը ավելի քան 4,5 միլիարդ տարեկան է):

Գիտնականները նկատել են, որ ի տարբերություն Երկրի վրա տեղի ունեցող հրաբուխների՝ հալած ապարների փոխարեն 44 կմ լայնություն ունեցող Կիլաձեի խառնարանը, ըստ երևույթին, սառցե լավա է դուրս նետել Պլուտոնի մակերեսին, գործընթաց, որը կոչվում է կրիոհրաբուխ: Ենթադրվում է, որ այդ նույն գործընթացի շնորհիվ, հավանաբար, Պլուտոնի վրա ստեղծվել են նաև այլ առեղծվածային տեղանքներ, երբ ստորգետնյա թաքնված օվկիանոսից ջուր է դուրս նետվել մոլորակի մակերեսին` միլիոնավոր տարիների ընթացքում վերափոխելով այն:

Հրաբուխների ժայթքելու համար ջերմության որոշակի աղբյուր է հարկավոր, ուստի Պլուտոնի վրա հայտնաբերված խառնարանը վկայում է, որ գաճաճ մոլորակի ներսում ավելի շատ ջերմություն է մնացել, քան նախկինում ենթադրվում էր:

Ըստ նոր հետազոտության՝ գիտնականները, վերլուծելով Կիլաձեի խառնարանից New Horizons-ի արած լուսանկարները, եզրակացրել են, որ թեև սկզբում այն նման էր երկնաքարի հարվածների հետևանքով գոյացած խառնարաններին, սակայն դրանում բացակայում է կենտրոնական գագաթը, որը հանդիպում է երկրաբանական այս երևույթների մոտ։ Բացի դրանից, այն նաև մի փոքր երկարավուն տեսք ունի և կարծես համապատասխանում է Պլուտոնի ներսում տեկտոնական ուժերի առաջացրած շարժումներին:

Pluto.jpg (201 KB)

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի դասախոս, ուսումնասիրության առաջատար գիտնական Դեյլ Կրյուկշանկն ասել է, թե քանի որ Պլուտոնի մակերևույթի մեծ մասը պատված է մեթանով և ազոտային սառույցով, ուստի այն, որ Կիլաձեն «տարբերվում է» մյուս խառնարաններից, վկայում է Պլուտոնի մակերևույթից խառնարանի շուրջը մեծ ծավալի ջրային սառույցի առկայության մասին։ «Ջրային սառույցը հստակորեն առանձնանում է մեթանի սառույցից, որը ծածկում է մոլորակի մակերեսի մեծ մասը»,- Space.com-ի հետ զրույցում ասել է նա։

Պլուտոնի առանցքը կտրուկ թեքված է 120 աստիճանով, ինչը նշանակում է, որ այն գրեթե կողքի է պտտվում է և դա հանգեցնում է կլիմայի կտրուկ փոփոխությունների, երբ այն պտտվում է արևի շուրջը: Արդյունքում, մեթանի սառույցը մոլորակի մթնոլորտում վերածվում է ածխաջրածինների մշուշի, որի մի մասը հետո թափվում է ձյան տեսքով և ծածկում մոլորակի մակերեսը։ 

Գիտնականները կարծում են, որ Պլուտոնի 4,6 միլիարդ տարվա կյանքի ընթացքում մեթանի այս սառցե շերտը պետք է ունենա առնվազն 14 մետր հաստություն: «Այս օրգանական մշուշի նույնիսկ մեկ կամ երկու սանտիմետրը կքողարկի ջրի սառույցի սպեկտրային հետքը, որը մենք ուսումնասիրում ենք»,- ասել է Կրյուկշանկը:

Նման շերտը կձևավորվեր ընդամենը երեք միլիոն տարում։ Եվ հենց այս հանգամանքը ստիպել է Կրյուկշանկին և նրա թիմին եզրակացնել, որ Կիլաձեն «կենդանի» է եղել ընդամենը մի քանի միլիոն տարի առաջ:

Գիտնականները լիովին չեն հասկանում, թե ինչպես է կրիոհրաբխային ակտիվությունը գործում Պլուտոնի վրա: Այս մոլորակն այնքան փոքր է, որ վաղուց կորցրած կլիներ ողջ ջերմությունը իր ձևավորման պահից ի վեր: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գաճաճ մոլորակն իր միջուկում պարունակել է ռադիոակտիվ տարրեր, որոնք ջերմություն են արձակել քայքայվելիս, թեև նախորդ հետազոտությունները ենթադրում էին, որ այդ տարրերը պարզապես կարող են բավարար չլինել Պլուտոնին սնուցելու համար:


 
 
 
 
  • Արխիվ