Apple-ը ներկայացրել է նոր MacBook Pro-ն և iMac-ը՝ M3 չիպերով. ի՞նչ արժեն դրանք

31 հոկտեմբերի, 2023  11:02

Մի քանի ժամ առաջ Apple ընկերությունն առցանց շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց Mac ընտանիքի համակարգիչների մի քանի նոր մոդելներ, այդ թվում՝ MacBook Pro նոութբուքները, որոնք աշխատում են 3 նմ M3 սերիայի պրոցեսորներով, ինչպես նաև iMac մոնոբլոկը, որը նույնպես ստացել է նույն շարքի պրոցեսոր:

Եկեք պարզենք, թե ինչ են իրենցից ներկայացնում նոր պրոցեսորները և դրանցով աշխատող նոր համակարգիչները:

M3 պրոցեսորներ

Նոր M3 պրոցեսորներն Apple-ի համար արտադրում է TSMC-ը՝ օգտագործելով 3 նմ տեխնոլոգիաներ: Շարքը բաղկացած է երեք պրոցեսորներից՝ M3, M3 Pro և M3 Max:

Բազային M3-ը բաղկացած է չորս արտադրողական և չորս խնայող հաշվողական միջուկներից, ինչպես նաև 10 միջուկանոց GPU-ից: M3-ով աշխատող հավելվածներին հասանելի կլինի մինչև 24 ԳԲ միասնական օպերատիվ հիշողություն, որը բաժանվում է հաշվողական և գրաֆիկական մասերի միջև:

Հետաքրքիր է, սակայն, որ նոր պրոցեսորը համեմատվում է M1-ի և ոչ թե M2-ի հետ: Այսպիսով, M3-ը գերազանցում է M1-ին 35%-ով՝ հաշվողական հզորությամբ, և 65%-ով՝ գրաֆիկական առումով։

M3 Pro պրոցեսորն օգտագործում է վեց արտադրողական և նույնքան խնայող միջուկների համադրություն, ինչպես նաև հագեցած է 18 միջուկանի GPU-ով, որը 40%-ով ավելի արագ է, քան M1 Pro-ն: M3 Pro-ի հաշվողական մասը մինչև 30% ավելի արագ է, քան M1 Pro-ն: Այս նոր պրոցեսորը, չգիտես ինչու, նույնպես չի համեմատվում իր անմիջական նախորդի՝ M2 Pro-ի հետ։ M3 Pro-ի կողմից աջակցվող միասնական հիշողության ծավալը մինչև 36 ԳԲ է:

M3 Max-ը, սերիայի ավագ պրոցեսորը, ստացել է հաշվողական մասի ասիմետրիկ դասավորություն՝ 12 արտադրողական միջուկ և չորս խնայող: GPU-ն օգտագործում է 40 միջուկ, ինչը այն դարձնում է 50-80%-ով ավելի արագ՝ M1 Max-ի համեմատ: M3 Max-ն ապահովում է 128 ԳԲ միասնական հիշողություն:

M3 սերիայի բոլոր պրոցեսորների գրաֆիկական մասն ապահովում է ճառագայթների հետագծման և ցանցի ստվերավորման տեխնոլոգիայի ապարատային աջակցություն: Բացի դրանից, բոլոր նոր պրոցեսորները ստացել են դինամիկ քեշավորման գործառույթ, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կոնկրետ առաջադրանքի համար GPU-ի աշխատանքի համար անհրաժեշտ ծավալի հիշողություն հատկացնել: Նոր պրոցեսորներն ունեն նաև ապարատային AV1 ապակոդավորիչ և բարելավված նեյրո համապրոցեսոր, որը կարող է արագացնել մեքենայական ուսուցման համակարգերը:

Նոր iMac 24 դյույմանոց էկրանով

Այսօր Apple-ի ցուցադրած նոր սարքերից մեկը iMac մոնոբլոկն է՝ 24 դյույմանոց էկրանով, որն աշխատում է M3 պրոցեսորով:

Օպերատիվ հիշողությունը կարող է հասնել մինչև 24 ԳԲ, իսկ ներկառուցված հիշողությունը՝ մինչև 2 ՏԲ: Հատկանշական է, որ համակարգը կարող է կառավարել մինչև 12 միաժամանակյա վիդեո հոսք 4K լուծաչափով, կրկնապատկելով Adobe Photoshop-ով առաջադրանքների կատարման հաշվողական հզորությունը և մինչև 30% արագացնելով գրասենյակային տարբեր հավելվածների աշխատանքը, ինչպիսիք են Safari-ն և Microsoft Excel-ը: Բացի դրանից, օգտատերերը կարող են օգտվել Wi-Fi 6E անլար ինտերֆեյսից, որն ապահովում է ուժեղ կապի հնարավորություն։

Թեև մոնոբլոկի գունային սխեման և ընդհանուր դիզայնը մնացել է նույնը, կա որոշակի տեղաշարժ դեպի կայուն արտադրության մեթոդների ավելի լայն կիրառում: Վերամշակման մեթոդներով ստացված նյութերի ինտեգրումն այժմ ակտիվորեն օգտագործվում է մոնոբլոկի կորպուսի մասերի արտադրության մեջ։ Այնուամենայնիվ, այս ամենը չի ազդում սարքի բնութագրերի վրա:

Բացի դրանից, սարքը պահպանում է Lightning պորտերը այլ սարքերին անխափան միանալու համար:

Ակնկալվում է, որ նոր iMac-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 7-ին, գինը՝ սկսած 1299 դոլարից ութ միջուկանի գրաֆիկական պրոցեսորի դեպքում, իսկ 10 միջուկանի տարբերակի դեպքում գինը կսկսվի  1499 դոլարից։

Նոր MacBook Pro

MacBook Pro նոութբուքի բազային տարբերակը, որն ունի 14 դյույմանոց էկրան և աշխատում է M3 պրոցեսորով, 60%-ով ավելի արագ է, քան 13-դյույմանոց և M2-ով աշխատող MacBook Pro-ն: Նոր սարքը ստացել է 36 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Պրոցեսորն առաջարկում է 12 հաշվողական և մինչև 18 գրաֆիկական միջուկ:

Նոր նոութբուքներն ստացել են Mini LED էկրաններ, երեք Thunderbolt պորտ, մեկ HDMI պորտ, SD քարտ ընթերցող սարք, տեսախցիկ, որն ապահովում է 1080p լուծաչափ, վեց բարձրախոս և լիցքավորիչ MagSafe մագնիսական միակցիչով միացնելու պորտ: Էկրանի առավելագույն պայծառությունը SDR բովանդակություն նվագարկելիս աճել է 20%-ով՝ մինչև 600 նիտ:

Լավ նորությունն այն է, որ արտադրողը հրաժարվել է Touch Bar-ի կառավարման հակասական տարրից:

Բազային MacBook Pro-ն՝ 14 դյույմանոց էկրանով և M3 չիպով, կվաճառվի 1599 դոլարով, առաքումը կսկսի նոյեմբերի 7-ին:

MacBook Pro-ն՝ 14 դյույմանոց էկրանով և M3 Pro չիպով, արժե 1999 դոլար, իսկ 16 դյույմանոց տարբերակը՝ 2499 դոլար: Պատվերներն արդեն ընդունվում են, առաքումները կսկսվեն նոյեմբերի 7-ից։

M3 Max պրոցեսորի հիման վրա ստեղծված MacBook Pro շարքի ամենաթանկ և արդյունավետ նոութբուքները կհայտնվեն միայն նոյեմբերի վերջին։ Դրանք կստանան մինչև 128 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ ներկառուցված հիշողության չափը կարող է հասնել 8 ՏԲ-ի։ Այս կոնֆիգուրացիայի դեպքում 16 դյույմանոց էկրանով MacBook Pro-ն կարժենա 7199 դոլար:


 
 
 
 
  • Արխիվ