Մարսի վրա ժամանակին եղել են կյանքի համար «նպաստավոր պայմաններ». Curiosity մարսագնացի նոր բացահայտումները

26 հոկտեմբերի, 2023  19:15

Մարսի մի քանի խառնարաններում գիտնականները հայտնաբերել են հետքեր, որոնք ցույց են տալիս, որ ժամանակին այնտեղ գետեր են հոսել: Ամենայն հավանականությամբ, նախկինում Կարմիր մոլորակն իրականում կյանքի համար հարմար պայմաններ է ունեցել։

Վերլուծելով Մարսի վրա գտնվող Գեյլի խառնարանից NASA-ի Curiosity մարսագնացի հավաքած տվյալները՝ հետազոտողները հայտնաբերել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ ժամանակին Մարսի մակերևույթի վրա եղել է գետերի ցանց, որը գուցե ավելի ընդարձակ է, քան նախկինում ենթադրվում էր:

«Մենք ապացույցներ ենք գտնում, որ Մարսը հավանաբար գետերի մոլորակ է եղել»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, Փենսիլվանիա նահանգի համալսարանի երկրաբան Բենջամին Կարդենասը։

Երկրի վրա գետերը վճռորոշ դեր են խաղում կենսաապահովման համար անհրաժեշտ քիմիական, սննդանյութերի և նստվածքների ցիկլերի պահպանման գործում։ Մարսի երբեմնի գետային համակարգերի նույնականացումը, այսպիսով, կարող է նշանակալից առաջընթաց լինել Կարմիր մոլորակի վրա կյանքի նշաններ գտնելու հարցում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Մարսը կարող էր ունենալ շատ ավելի շատ գետեր, քան նախկինում ենթադրվում էր, ինչը, անշուշտ, ավելի լավատեսական պատկերացում է տալիս Մարսի վրա հնագույն կյանքի մասին»,- հավելել է Կարդենասը։

Ռելիեֆի հողային այս կազմավորումները, որոնք նկատել են գիտնականները (զառիթափ լանջեր, լեռնաշղթաների մաշված և կրճատված եզրեր) գտնվել են եղել մի քանի փոքր խառնարաններում, սակայն ի սկզբանե դրանք չեն համարվել որպես ջրի հետևանքով գոյացած կազմավորումներ։

Մարսի գետերի մասին առաջին տվյալներն ստացվել են Կարմիր մոլորակն ուսումնասիրած առաջին ուղեծրային սարքի՝ Mariner 9-ի միջոցով, որը նկարահանել է չորացած գետահուները և մոլորակի մակերեսին ջրհեղեղների հետքերը: Մարսի վրա ջրի առկայության վերաբերյալ հետագա ապացույցները ձեռք են բերվել մարսագնացների միջոցով, օրինակ՝ ծծումբ պարունակող միացությունների առկայությունը, ինչպիսին է ժարոզիտը, որը սովորաբար ձևավորվում է ջրային միջավայրում: Բացի դրանից, մարսագնացներն ու ուղեծրային սարքերը հայտնաբերել են լեռնաշղթաներ, որոնք ստեղծվել են հին գետահուներում նստվածքային կուտակումների արդյունքում:

Մարսի վրա ռելիեֆային այս կազմավորումների հայտնաբերումը ցույց է տալիս, որ այստեղ գոյություն է ունեցել ավելի ընդարձակ գետային համակարգ, քան նախկինում ենթադրվում էր: Այս լանդշաֆտները բաղկացած են փոփոխական զառիթափներից, կրճատված լեռնաշղթաներից, որոնք ձևավորվում են, երբ գետահուներում կուտակված նստվածքային նյութը հետագայում քայքայվում է որևէ ուղղությամբ, հավանաբար քամիների պատճառով:

Իրենց համակարգչային մոդելը վարժեցնելու համար Բենջամին Կարդենասը և Փենսիլվանիա նահանգի համալսարանից Քեյթլին Սթեյսին ուսումնասիրել են խառնարաններում ռելիեֆային այս կազմավորումների՝ Curiosity-ի արած պատկերները, Մեքսիկական ծոցի հատակի նստվածքային շերտերի 3D սկանավորումները, որոնք նկարել են նավթային ընկերությունները 25 տարի առաջ: Արդյունքում համակարգչային մոդելը հաջողությամբ մոդելավորել է էրոզիայի պրոցեսը, որը Մարսի մակերեսին ձևավորել է ռելիեֆային այս կազմավորումները։

Curiosity-ի նախորդ դիտարկումները ևս հաստատել էին հեղուկ ջրի առկայությունը Գեյլի խառնարանում, որը ներկայումս ուսումնասիրում է մարսագնացը: Նոր հայտնաբերված ռելիեֆային այս կազմավորումները նոր լույս են սփռում Գեյլի խառնարանի ջրային զանգվածի կառուցվածքի վրա:

Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters-ում:


 
 
 
 
  • Արխիվ