Բիզնեսի կենսական դերը խելացի քաղաքների և խելացի երկրի զարգացման գործում. հարցազրույց Adobe-ի գործադիր տնօրենի հետ

25 հոկտեմբերի, 2023  10:30

Ավելի խելացի քաղաքներ, երկրներ և տարածաշրջաններ ստեղծելու իրենց ձգտումներում մասնավոր ընկերություններն այսօր վճռորոշ դեր են խաղում՝ առաջնորդելով այն գործիքների մշակման ու ներդրման աշխատանքները, որոնք արդյունավետորեն նպաստում են ավելի խելացի միջավայրերի զարգացմանը և հետագայում ազդում մեր կյանքի որակի վրա: Հատկանշական է, որ Adobe-ն առանձնանում է որպես այս ոլորտում առաջամարտիկներից մեկը:

Adobe-ի գործադիր տնօրեն և Global High-Tech Award 2022 մրցանակի դափնեկիր Շանթանու Նարայենը հատուկ պրեզենտացիայով հանդես եկավ Silicon Mountains 2023 գագաթնաժողովում: NEWS.am Tech-ի հետ բացառիկ հարցազրույցում նա քննարկել է նորարարական արտադրանքներն ու լուծումները, որոնց միջոցով ընկերությունը նպաստում է խելացի քաղաքների և երկրների առաջխաղացմանը, մանրամասներ ներկայացրել այն մասին, թե ինչպես է Adobe-ն ինտեգրում կայուն զարգացման սկզբունքներն իր որոշումների կայացման մեջ և ուրվագծել Հայաստանում իր ներկայության վերաբերյալ ընկերության ծրագրերը։ 

Խելացի տեխնոլոգիաները՝ Adobe-ի ուշադրության կենտրոնում

«Adobe-ն միշտ հավատարիմ է եղել աշխարհը թվային փորձառության միջոցով փոխելուն»,- ասաց Շանթանու Նարայենը:

Նրա խոսքով՝ Adobe-ն առաջարկում է մի շարք գրավիչ լուծումներ․ դրանք ընկած են բազմաթիվ ծառայությունների հիմքում, որոնք ազգային կառավարությունները, ձեռնարկությունները մատուցում են իրենց քաղաքացիներին, իրենց օգտատերերին: Սա ներառում է պետական ծառայությունների թվայնացումը, կրթության և առողջապահության ոլորտներում տարբեր ծառայությունները, թղթի վրա հիմնված հնացած գործընթացների ավտոմատացումը և թվայնացումը և շատ ավելին: Բացի դրանից, նա ընդգծեց, որ բիզնեսն իր լուծումների միջոցով ակտիվորեն հեշտացնում է ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը օգտատերերի բազմազան զանգվածին։

photo_2023-10-17_15-25-25.jpg (51 KB)

«Թվային անհավասարությունն այսօրվա քննարկումներում զգալի ուշադրության է արժանանում: Թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածը հստակ պատասխանատվություն է կրում ապահովելու հաշվողական տեխնոլոգիաների արդար հասանելիությունը, քանի որ այն սոցիալ-հասարակական նոր հնարավորություններ է բացում: Adobe-ում մենք հանձնառու ենք բոլորի համար հավասար հասանելիություն ապահովել մեր տեխնոլոգիական լուծումներին: Անցում կատարելով ամպի վրա հիմնված տեխնոլոգիաներին՝ մենք էլ ավելի ենք ընդլայնել հասանելիությունը: Բացի դրանից, մեր արտադրանքը հասանելի է բազմաթիվ լեզուներով, ինչը հեշտացնում է հասանելիությունը օգտվողների ավելի լայն բազայի համար»,- ընդգծեց Նարայենը:

Կորոնավիրուսային համավարակի դժվարին ժամանակահատվածում ընկերությունը զգալի ջանքեր է գործադրել՝ ապահովելու ուսանողների համար այնպիսի ծառայությունների շարունակական հասանելիությունը, ինչպիսիք են Creative Cloud-ը և Document Cloud-ը:

Ըստ Նարայենի՝ ընդհանուր առմամբ, համաճարակը, իր մարտահրավերների հետ միասին, խոր ազդեցություն թողեց աշխարհի և տեխնոլոգիական ոլորտի վրա։ Այն հանգեցրեց իրական աշխարհի բազմաթիվ գործընթացների տեղափոխմանը վիրտուալ տիրույթ՝ հեռավոր շրջաններում բնակվող անհատներին հասանելիություն տրամադրելով տեխնոլոգիաներին և ծառայություններին, որոնք նախկինում պակաս հասանելի էին: Այս տեղաշարժն անհերքելիորեն նոր հորիզոններ է բացել մարդկության համար:

Adobe-ի հավատարմությունը կայուն զարգացմանը

Ճանաչված լինելով կայուն զարգացմանն իր հավատարմությամբ՝ Adobe-ն ակտիվորեն ներառում է կայուն զարգացման սկզբունքներն իր արտադրանքներում և լուծումներում: Շանթանու Նարայենը NEWS.am Tech-ի հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը ջանքեր է գործադրում՝ նպաստելու էկոլոգիապես ավելի մաքուր խելացի քաղաքների և երկրների կայացմանը՝ կայուն զարգացման փորձառության գիտակցված որդեգրման միջոցով։

Վերջերս Սան Խոսեում ընկերության նոր գրասենյակի բացումը կայուն զարգացմանն ուղղված ընկերության հավատարմության շոշափելի դրսևորում է, ինչպես ընդգծեց ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Նարայենը շեշտեց, որ նոր շենքը «ամբողջովին էլեկտրական է»։

«Որպես առաջին ընկերություն, որն ստացել է LEED Platinum սերտիֆիկացում, էներգիայի օգտագործման հարցում մենք միշտ եղել ենք բացառիկ բարեխիղճ»,- ասաց Նարայենը։

LEED-ը (Leadership in Energy and Environmental Design, առաջնորդություն էներգետիկայի և շրջակա միջավայրի նախագծման մեջ) կանաչ և ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացման ծրագիր է, որը մշակվել է Միացյալ Նահանգների Կանաչ շինությունների խորհրդի (USGBC) կողմից: Կախված տարբեր կատեգորիաներում վաստակած միավորների քանակից՝ շենքերը կարող են ստանալ LEED հավաստագրման տարբեր մակարդակներ, այդ թվում՝ Certified, Silver, Gold և Platinum: Platinum մակարդակը ամենաբարձր հավաստագրումն է, որ կարելի է ձեռք բերել LEED-ի շրջանակում, ինչը նշանակում է կայուն զարգացման փորձառության և բազմազան ֆունկցիաների ինտեգրում, որոնք արտացոլում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և ռեսուրսների արդյունավետության նկատմամբ անսասան նվիրվածությունը ամենաբարձր մակարդակում: LEED Platinum հավաստագրում ունեցող շենքերը լայնորեն համարվում են էկոլոգիապես մաքուր և կայուն կառույցներից մեկը:

photo_2023-10-17_15-25-26.jpg (135 KB)

Ավելին, Adobe-ի PDF ֆորմատի փաստաթղթերը լրացուցիչ օրինակ են, թե ինչպես է ընկերության արտադրանքը նպաստում շրջակա միջավայրի պահպանմանը: Զգալիորեն նվազեցնելով թղթային տարբերակով փաստաթղթերի օգտագործումը՝ PDF-ների տեսքով թվային փաստաթղթերն ակտիվորեն օգնում են անտառների պահպանման ջանքերին:

«Կարծում եմ՝ փաստը, որ մենք ունենք տրիլիոնների հասնող PDF ֆայլեր, որոնք ստեղծվում են, ընդհանուր առմամբ, նույնպես օգուտ է բերում հասարակությանը»,- հավելեց Նարայենը:

Adobe-ն Հայաստանում

2020-ին Adobe-ն ձեռք բերեց Workfront-ը։ Ընկերությունը շուտով Հայաստանում կբացի բոլորովին նոր գրասենյակ և նախատեսում է շարունակել ներդրումները նոր ապրանքների և լուծումների մշակման մեջ, ինչպես նաև խթանել համագործակցությունը համալսարանների հետ:

«Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ Հայաստանում: Մեր ճամփորդությունն սկսվեց Երևանում մեր փոքր ներկայությամբ, մասնավորապես Workfront-ի ձեռքբերմամբ: Քանի որ այս բիզնեսն աճում է, մեր ներդրումները կընդլայնվեն՝ հաշվի առնելով նոր ապրանքներ և լուծումներ առաջ մղելու մեր հանձնառությունը: Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք համալսարանների հետ համագործակցության հնարավորությունները: Adobe-ն հետևողականորեն զբաղվում է համալսարանական հետազոտություններով և հաճախ աշխատանքի է ընդունում նոր շրջանավարտների»,- ասաց Նարայենը:

Նա նաև ընդգծեց, որ Adobe-ի նախաձեռնությունները Հայաստանում, անկասկած, կնպաստեն երկրի առաջընթացին և այլ ընկերություններից ներդրումներ ներգրավելուն։


 
 
 
 
  • Արխիվ