Խելացի քաղաքացի, ֆինանսական տեխնոլոգիաներ և թվային փոխակերպում. maib-ի առաջին փոխնախագահը կիսվում է իրենց փորձով

24 հոկտեմբերի, 2023  14:25

Խելացի քաղաքացին նա է, ով հասկանում է, թե ինչպես պետք է ֆինանսների վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնի տարբեր իրավիճակներում, նա, ով գիտի, թե ինչպես օգտագործել ֆինանսական ծառայությունների բոլոր ասպեկտները և ինչպես օգտվել դրանից։ Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացած Silicon Mountains Summit 2023-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է մոլդովական խոշորագույն բանկի՝ maib-ի առաջին փոխնախագահ Ալյոնա Ստրատանը։

«Կարևոր է, որ բոլոր մարդիկ շատ լավ հասկանան, թե ինչպես օգտվել առկա ֆինանսական տեխնոլոգիաներից։ Այսպիսով, բանկի տեսանկյունից խելացի մարդիկ նրանք են, ովքեր հասկանում են տեխնոլոգիան և գիտեն, թե ինչպես օգտագործել այն»,- ասում է Ալյոնա Ստրատանը, որը նաև մասնակցել է գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված «Խելացի քաղաքացի» խորագրով պանելային քննարկմանը:

Գիտելիքի և փորձի փոխանակում

Փոքր երկրում, ասում է նա, անհնար է պրոֆեսիոնալ կերպով մեծամիտ լինել. ցանկացած կազմակերպություն պետք է տեսնի, թե ինչ են անում ուրիշները, սովորի նրանցից և իր գիտելիքներն ու փորձը փոխանցի նրանց:

«Լինելով կիսով չափ հայ՝ ինձ համար շատ կարևոր էր կիսվել այն ամենով, ինչ անում ենք Մոլդովայում»,- ասում է նա ի պատասխան հարցին, թե ինչու է որոշել մասնակցել գագաթնաժողովին։ «Միգուցե որոշ բաներ, որոնք մենք լավ ենք անում, կարող են օգտագործվել այստեղ, որպեսզի Հայաստանում մարդիկ իմանան մեր մասին, եթե ցանկանում են սովորել մեզնից, կամ գուցե մենք ցանկանանք սովորել նրանցից, որպեսզի կարողանանք ավելի լավը դարձնել մեր շուկաները: Սա իմ ընդհանուր ակնկալիքն էր, և կարծում եմ, որ դա արեցի, քանի որ այստեղ հանդիպեցի շատ հետաքրքիր մարդկանց։ Կարծում եմ, որ մենք կշահենք գիտելիքների փոխանակումից»,- ասում է նա:

Ընդլայնել մարդկանց իրավունքներն ու հնարավորությունները, որպեսզի նրանք ֆինանսական որոշումներ կայացնեն

Թվային տեխնոլոգիաներն այժմ զարգանում են, քանի որ մարդիկ չեն ցանկանում կախված լինել որոշակի վայրից որոշակի ժամանակահատվածում. նրանք ցանկանում են 24/7 ռեժիմով հասանելիություն ունենալ իրենց ֆինանսներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Բացի դրանից, սա, ըստ Ալյոնա Ստրատանի, տեխնոլոգիաներ զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում հաստատությունների համար, որպեսզի բավարարեն այդ կարիքները:

«Ըստ մեր բիզնես փիլիսոփայության՝ ամեն ինչի կենտրոնում հաճախորդն է: Եվ սրանք միայն խոսքեր չեն։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ մեր հաճախորդներին անհարմարություն պատճառող «ցավոտ կետերը» կամ խնդիրները: Միայն դրանից հետո ենք մենք սկսում ինչ-որ բան զարգացնել, որովհետեւ եթե դու խնդիր չես լուծում, ապա ինչո՞ւ ես տեխնոլոգիա ստեղծում։ Այսպիսով, տեխնոլոգիան նախատեսված է այդ «ցավոտ կետերը» վերացնելու և մարդկանց ավելի շատ ժամանակ, ավելի ճկունություն տալու և ֆինանսական որոշումներ կայացնելու հարցում նրանց հնարավորություններն ինչ-որ կերպ ընդլայնելու համար»,- բացատրում է նա:

Բանկային բջջային հավելվածը պետք է հիմնվի 3 հենասյուների վրա

Մոլդովական խոշորագույն բանկը՝ maib-ն ունի մոտ 1 միլիոն հաճախորդ, որից 0,5 միլիոնն օգտվում է բանկի բջջային հավելվածից։ Ալյոնա Ստրատանն ասում է, որ կա երեք հիմնասյուն, որոնց շուրջ մշակվել է հավելվածը. այն պետք է լինի հեշտ օգտագործելի, հասկանալի և թափանցիկ:

«Բջջային հավելվածը պետք է լինի շատ հեշտ օգտագործելի՝ մեկ սեղմում, զրո սեղմում: Երկրորդ՝ դա պետք է հասկանալի լինի։ Մարդիկ պետք է հասկանան, թե որն է հաջորդ քայլը, տեխնոլոգիան պետք է լինի ինտուիտիվ: Եվ այն պետք է լինի թափանցիկ միջնորդավճարների, վճարների և այլնի մասով, որպեսզի հաճախորդը բանկի հետ շփվելուց հետո վատ զգացողություններ չունենա։ Այսպիսով, եթե դուք հարգում եք այս երեք հենասյուները, ավելի շատ մարդիկ կօգտվեն ձեր հավելվածից»,- ասում է նա՝ հավելելով, որ հաճախորդի փորձառությունները, որոնք «որպես թվային չեն ծնվել», չեն օգտագործվի հաճախորդների կողմից:

Այժմ maib-ն անցել է արագ փոխակերպման, ինչը նշանակում է, որ բոլոր թիմերը բազմաֆունկցիոնալ են՝ ունեն նաև ՏՏ, արտադրանք, ռիսկեր, իրավաբանական անձնակազմ, որոնք ներառված են որպես զարգացման թիմի մաս՝ հաճախորդների սպասելիքները բավարարելու համար: Այն լավ հեռանկար է բացում ընդհանուր պատկերը ստանալու և գործընթացները ծայրից ծայր տեսնելու համար, մեծացնում է նոր ապրանքների, ծառայությունների մշակման և հաճախորդների համար հաճելի փորձառություններ ստեղծելու արագությունը:

Ամբողջական էկոհամակարգ բանկային հավելվածի շուրջ

Վերջերս maib-ը հաճախորդներին հնարավորություն է տվել բանկի հաճախորդ դառնալ առանց բանկ այցելելու՝ առցանց մուտքի միջոցով: Բանկը նաև նախատեսում է իր բոլոր ծառայությունները հավելվածում դարձնել ծայրից ծայր կոդավորմամբ, և այժմ մեծ մարտահրավերը ծայրից ծայր կոդավորմամբ գործընթացներ ստեղծելն է, բայց առաջին հերթին դա պետք է լինի թվային լուծում: Բացի դրանից, բանկը պատրաստվում է բանկային հավելվածի շուրջ կառուցել ամբողջական էկոհամակարգ։ Այն արդեն գործարկել է CasaHub-ը՝ առաջին անշարժ գույքի էկոհամակարգը Մոլդովայում, և DriveHub-ը, որն ավտոմոբիլային դիլեր է:

«Մենք շատ արագ էկոհամակարգ ենք մշակում մեր հաճախորդների կարիքների շուրջ: Առաջիկայում մեր հավելվածը միայն ֆինանսական լուծումներ չէ, որ կմատուցի»,- ասում է նա։

Քաղաքների և համայնքների վերափոխում

Maib-ը մեծ ջանքեր է գործադրում երկրում քաղաքների և համայնքների խելացի վերափոխումը խթանելու համար: Այն համագործակցում է կառավարության հետ, որպեսզի խելացի լուծումներ առաջարկի հանրային տրանսպորտի համար՝ հաշվի առնելով տեղական շուկայի առանձնահատկությունները: Բանկը նաև համագործակցում է քաղաքների հետ զբոսայգիներում և հանրային այլ տարածքներում վճարային տերմինալներ տեղադրելու, ինչպես նաև քաղաքացիների կյանքը հեշտացնելու տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու այլ ուղիներ գտնելու համար։

Կառավարությունն իր հերթին ստեղծում է բազմաթիվ գործիքներ, որպեսզի մարդիկ ավելի շատ օգտվեն թվային ծառայություններից։ Վերջերս Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել նույնականացման քարտերի, վարորդական վկայականների, գրանցման վկայականների, ինչպես նաև դրանց ստեղծմանն ու օգտագործմանն առնչվող որոշ տարրերի թվայնացման վերաբերյալ օրինագծին։ Համապատասխան փաստաթղթերը թվային ձևաչափով կտարածվեն կառավարության ինտեգրված էլեկտրոնային ծառայությունների հավելվածի միջոցով: Սա տրամադրվում է էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը խթանելու համար։

Բացի դրանից, կառավարությունն սկսել է մի նախաձեռնություն, որի շրջանակում պետական բոլոր աշխատողների աշխատավարձերը վճարվելու են մեկ հարթակից։ Ընդ որում, հենց աշխատակիցներն են ընտրելու իրենց նախընտրած ֆինանսական գործընկեր բանկը, ոչ թե ինչ-որ հիմնարկ կամ պաշտոնյա։ Դա, ըստ Ալյոնա Ստրատանի, միմյանց հետ մրցակցելու հավասար հնարավորություններ կստեղծի բանկերի համար, որպեսզի նրանք առաջարկեն իրենց ծառայությունները և փորձեն ներգրավել նոր հաճախորդներ։

«Եվ սա հիանալի է, երբ կառավարությունն ու բիզնեսը միասին աշխատում են հաճախորդներին լավ փորձառություն ապահովելու համար մի միջավայրում, ուր բոլորն են ցանկանում գործել»,- ասում է նա:

Թվայնացումը մարդկանց ֆինանսապես ավելի խելացի է դարձնում

Մոլդովայում բոլոր վարկերի մոտ 40%-ը տրամադրվել է maib-ի կողմից, և բանկում կարծում են, թե դա պայմանավորված է նրանով, որ բանկն առցանց վարկեր է առաջարկում բանկի բջջային հավելվածի միջոցով, որպեսզի հաճախորդները կարողանան վարկ ստանալ առանց բանկ այցելելու: Ալյոնա Ստրատանն ասում է, որ ֆինանսական ծառայությունների թվայնացումն օգնում է մարդկանց խնայել ժամանակը, կայացնել ավելի ռացիոնալ և տեղեկացված որոշումներ և ֆինանսապես ավելի խելացի դառնալ:

«Նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել տեխնոլոգիան, որպեսզի ավելի քիչ վճարեն, ավելի հաշվետու լինեն, հստակ իմանան, թե երբ և ինչ պետք է վճարեն»,- բացատրում է նա:

Բացի դրանից, ասում է Ալյոնա Ստրատանը, թվայնացումը կարող է կամրջել տարբեր սերունդների միջև առկա բացը, քանի որ նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել ֆինանսական տեխնոլոգիաները, օգնում են իրենց ծնողներին, տատիկներին ու պապիկներին օգտվել դրանից և հեշտացնել իրենց կյանքը: Այնուամենայնիվ, ավագ սերունդները նոր տեխնոլոգիաներին հարմարվում են ավելի արագ, քան երբևէ: «Եվ սա է մեր ներկան ու ապագան»,- ասում է նա։


 
 
 
 
  • Արխիվ