Միջազգային համագործակցության դերը խելացի երկրների զարգացման գործում. հարցազրույց Էնդրյու Ուիթենի հետ

21 հոկտեմբերի, 2023  11:49

«Խելացի երկիր» հայեցակարգի իրականացումը հսկայական և բարդ նախաձեռնություն է։ Ոչ մի պետություն չունի համապատասխան ռեսուրսներ՝ ինքնուրույն լուծելու նման բազմակողմ մարտահրավերները, ինչն ընդգծում է այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: NEWS.am Tech-ի հետ զրույցում նման տեսակետը հայտնեց Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի դեպարտամենտի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության և ներդրումների հարցերով տարածաշրջանային տնօրեն և առևտրի գծով խորհրդական Էնդրյու Ուիթենը:

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած Silicon Mountains Tech Summit 2023 գագաթնաժողովի ժամանակ Էնդրյու Ուիթենը մասնակցել է «Խելացի երկրներ» թեմայով պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա անդրադարձավ միջազգային առևտրի, կայուն պրակտիկայի և խելացի քաղաքների, պետությունների և տարածաշրջանների միջև փոխկապակցվածությանը:

«Պանելային քննարկմանը իմ հիմնական ուղերձն այն էր, որ ոչ մի երկիր չի ունենա բոլոր լուծումները խելացի երկրների նման ինչ-որ բան ստեղծելու համար, դա չափազանց մեծ և չափազանց բարդ խնդիր է: Իսկ դա նշանակում է, որ միջազգային համագործակցության և միջազգային առևտրի համար հսկայական հնարավորություն կա»,- ասաց նա։

Ըստ Ուիթենի՝ միջազգային համագործակցությունն ընդհանրապես, և առևտրային խելամիտ քաղաքականությունը, մասնավորապես, առանցքային դեր են խաղում խելացի քաղաքների, երկրների և տարածաշրջանների առաջխաղացման գործում: Այս համատեքստում նա կարծում է, որ միջազգային առևտրային համաձայնագրերը և այս ոլորտում ակտիվ քաղաքականությունը կարող են նպաստել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, «խելացի» և կայուն զարգացմանը։

«Առևտրային քաղաքականությունն ուղղված է բիզնեսի համար առկա խոչընդոտների վերացմանը: Կարծում եմ, որ այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին է CEPA-ն [Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիր] և առևտրային քաղաքականության այլ համաձայնագրեր, իսկապես կարևոր են, քանի որ եթե բիզնեսի համար խոչընդոտներ կան, դու կորցնում ես շուկայի մի մասը: Դա կարող է լինել շուկայի այն հատվածը, որն ունի ձեզ անհրաժեշտ լուծումը, ուստի դուք ցանկանում եք բաց լինել հնարավորինս շատ հնարավորությունների համար, և առևտրային քաղաքականությունը նպաստում է դրան»,- ընդգծեց փորձագետը:

Նրա կարծիքով՝ առևտրային խելամիտ քաղաքականությունը կարող է որպես առանցքային գործիք ծառայել կայունության և կլիմայի հարցում բազմաթիվ նպատակներին հասնելու համար:

«Խելացի քաղաքը կայուն քաղաքն է: Մենք գիտենք, որ մեր կլիմայական նպատակներին հասնելու համար երկրները պետք է դառնան ավելի կայուն: Կրկին կասեմ, որ խոսքը խոչընդոտների նվազեցման մասին է: Եվ դա առևտրային քաղաքականության առանցքային դերն է, որպեսզի կարողանաք հասանելիություն ունենալ աշխարհում գոյություն ունեցող բոլոր կայուն լուծումներին»,- ընդգծեց Ուիթենը:

Անդրադառնալով Հայաստանում «խելացի» քաղաքների զարգացմանն առնչվող կոնկրետ նախաձեռնություններին և նախագծերին՝ փորձագետը կարևորեց GovTech նախագիծը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Այս նախաձեռնությունն աջակցում է հանրային ծառայությունների և ապրանքների թվայնացմանը՝ նպաստելով այս ոլորտում նոր տեխնոլոգիաների ինտեգրմանը։


 
 
 
 
  • Արխիվ