Հեռավոր տիեզերքից ստացվել է առեղծվածային ռադիոպայթյուն, որի վերաբերյալ բացատրություն գիտնականները չունեն

20 հոկտեմբերի, 2023  22:34

Հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է արագ ռադիոպայթյուն, որը հնարավոր չէ բացատրել ներկայիս տեսություններով: Նման ազդանշաններն առաջին անգամ գրանցվել են 2007-ին և դեռ սպասում են բացատրության։ Ոմանք դրանք նույնիսկ այլմոլորակայինների ազդանշաններ էին համարում, սակայն այս տեսությունը չհիմնավորվեց: Անսովոր ուժով և հեռավորությամբ նոր ռադիոպայթյունն ստեղծում է նոր առեղծված, որի լուծումը նշանակում է ևս մեկ քայլ առաջ գնալ տիեզերքի գաղտնիքները հասկանալու գործում:

FRB 20220610A-ն կոդային անունն ստացած իրադարձությունը Ավստրալիայում գործող ASKAP (Australian Square Kilometer Array Pathfinder) ռադիոալեհավաքները ֆիքսել են 2022-ի հունիսին։ VLT աստղադիտակի միջոցով օպտիկական դիապազոնում իրականացված որոնումը բացահայտել է ռադիոպայթյունի աղբյուրը՝ անանուն գալակտիկա, որը գտնվում է գրեթե 8 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: Սա սենսացիա է դարձել մի շարք պատճառներով.

Մինչ այդ պահը ոչ ոք այդքան մեծ հեռավորության վրա երբևէ չէր հայտնաբերել արագ ռադիոպայթյունի այսպիսի ազդանշան: Դրա հզորությունը ևս ռեկորդային է եղել և 3,5 անգամ գերազանցում է նախկինում գրանցված առավելագույնը։ Իրադարձության ընդամենը մի քանի միլիվայրկյանների ընթացքում տիեզերք է ուղարկվել էներգիա, որը համարժեք է Արեգակից 30 տարվա ընթացքում էներգիայի արտանետումների հանրագումարին:

Համաձայն տեսություններից մեկի՝ արագ ռադիոպայթյունները տեղի են ունենում «աստղային ցնցումների» ժամանակ։ Ազդանշանն արձակող նեյտրոնային աստղն այն արտադրում է իր ընդերքում տեղաշարժերի պատճառով, որն ահռելի ճնշում է զգում և, հետևաբար, աներևակայելի մեծ էներգիա է փոխանցում իմպուլսին։ Այնուամենայնիվ, նման գործընթացները սահմանափակում են իրադարձության պայծառությունը, և FRB 20220610A-ն շատ անգամ գերազանցել է բոլոր հաշվարկված արժեքները:

icrar_dispersion_measure.jpg (222 KB)

Ըստ մեկ այլ տեսության՝ արագ ռադիոպայթյունները տեղի են ունենում, երբ նեյտրոնային աստղերից արտանետվող և բարձր արագությամբ ընթացող մասնիկները բախվում են շրջապատող նյութին աստղային քամու պայմաններում։ Սակայն FRB 20220610A-ի տվյալները նույնպես չեն տեղավորվում այս մոդելի շրջանակում, ինչը գիտնականներին ստիպում է այլ բացատրություն փնտրել։

Սակայն սա դեռ ամենը չէ: FRB 20220610A արագ ռադիոպայթյունը կարող է անգնահատելի օգնություն տրամադրել տիեզերքում անտեսանելի սովորական նյութի որոնման գործում։ Խոսքը միջաստղային սառը գազի և փոշու մասին է, որոնք տեսանելի չեն օպտիկական տիրույթում և որոնք դժվար է հայտնաբերել այլ, հատկապես մեզանից մեծ հեռավորությունների վրա:

Բանն այն է, որ տիեզերքում տարածվելու, փոշու և գազի ամպերի միջով անցնելու ընթացքում, ռադիոազդանշանը, այսպես ասած, ճեղքվում է և մասերի բաժանվում։ Տարբեր ալիքների երկարությունները շեղվում են տարբեր քանակներով, երբ անցնում են փոշու և գազի ամպերի միջով, որոնք ունեն իրենց էլեկտրամագնիսական ֆոնը և բնականաբար խանգարում են էլեկտրամագնիսական ալիքներին արագ ռադիոպայթյունի ժամանակ: FRB 20220610A-ի դեպքում ալիքների ցրումը ևս եղել է ոչ սովորական, թեև նման բան արդեն մեկ անգամ գրանցվել է:

Սա նշանակում է, որ գիտնականները ստիպված կլինեն հաշվի առնել նոր գործոն արագ ռադիոպաթյունների միջոցով սառը միջաստղային նյութ հայտնաբերելիս:  Եվ որքան ճշգրիտ լինեն նրանց հաշվարկները, այդքան ավելի շատ բան հնարավոր կլինի իմանալ տիեզերքի մասին։


 
 
 
 
  • Արխիվ