Հայաստանը մեծ առաջընթաց ունի ՏՏ ոլորտում, այստեղ հսկայական հնարավորություններ կան․ ԱՄՆ փոխդեսպան

20 հոկտեմբերի, 2023  14:33

Հայաստանը մեծ առաջընթաց ունի ՏՏ ոլորտում, և վերջին տարիներին շատ բարեփոխումներ են եղել՝ տնտեսական բարեփոխումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ, հսկայական հնարավորություններ կան այստեղ, Երևանում կայացած Silicon Mountains Tech Summit 2023-ի շրջանակում News.am Tech-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը։

«Կարծում եմ, որ դա կարևոր է: Ավելի շատ բան կարելի է անել, և, այս ուղղությամբ մենք՝ որպես դեսպանատուն, փորձում ենք աշխատել այս ուղղությամբ: Օրինակ՝ մենք օգնում ենք կիբեռհանցագործությունների դեմ օրենսդրության մշակմանը: Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով, որի շրջանակում մենք օգնում ենք փորձագետներ ներգրավել և աշխատել տեղի մասնագետների, դատավորների և այլոց հետ, որպեսզի օրինագիծ ունենանք», - ասաց նա:

Մեկ այլ ծրագիր իրականացվում է Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի միջոցով, որի շրջանակում ԱՄՆ-ն օգնում է աշխատել մտավոր սեփականության իրավունքների վրա և ընդլայնել դրանց կիրառումը։ «Կարծում եմ, որ դրան պատմականորեն այդքան մեծ ուշադրություն չի դարձվել, բայց եթե պատրաստվում եք զարգանալ տեխնոլոգիական ոլորտում, ապա ցանկացած ընկերություն, որը պատրաստվում է ներդրումներ կատարել, կցանկանա իմանալ, թե արդյոք իր մտավոր սեփականությունը պաշտպանվելու է»,- հավելեց նա։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչ ներուժ ունի նորարարությունները տնտեսական զարգացման տեղական լոկոմոտիվ դարձնելու առումով, Չիփ Լեյթինենն ասաց, որ վերջին տարիների տնտեսական աճը, տեխնոլոգիական ոլորտի ընդլայնումը դրա վկայությունն են։

«Մենք արդեն տեսնում ենք դա այստեղ, երկնիշ տնտեսական աճը, որը ունեցել եք վերջին տարիներին, և տեխնոլոգիական ոլորտի ընդլայնումը: Այնպես որ, կարծում եմ, որ հսկայական հնարավորություններ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ, սակայն, այդ բոլոր հնարավորությունները չպետք է կենտրոնացվեն միայն Երևանում, այլ նաև մարզերում։

Նա նաև նշեց, որ Հայաստանում ԱՄՆ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են տարբեր ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող «Հայաստանի աշխատուժի զարգացման գործունեության ծրագիր»-ը, Synopsis-ի, National Instruments-ի, IBM-ի և այլ ընկերությունների հետ իրականացվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն օգնել կամրջելու ուսհաստատությունների տված գիտելիքների, հմտությունների և գործատուների կողմից ակնկալվող պահանջների միջև անջրպետը:

«Բայց այդ ծրագրերն ավելի շատ են, քան թվարկվածները։ Մեր հասարակայնության հետ կապերի թիմն աշխատում է կրթական ոլորտներում, օրինակ՝ FLEX ծրագիրը, որը գործում է ավագ դպրոցի մակարդակում, կամ Fullbright կրթաթոշակը, որն ավելի շատ նախատեսված է շրջանավարտների համար, կամ ունենք մի քանի այլ հիանալի ծրագրեր, օրինակ՝ International Visitor Leadership Program-ը, որը հատուկ՝ երբեմն նաև տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացած անձանց համար է, որոնք մեկնում են ԱՄՆ, և մի քանի այլ ծրագրեր»,- ասաց նա՝ հավելելով, որ մեկ այլ ծրագիր վերաբերում է տեխնոլոգիական ոլորտում անգլերենի ուսուցմանը:

Հարցին, թե արդյոք ՏՏ ոլորտն ու նորարարությունները բավականաչափ են ներդրված Հայաստանի կառավարման համակարգում շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար, Չիփ Լեյթինենն ասաց, որ կառավարությունը գիտակցում է այդ խնդիրը և այն իր համար առաջնահերթություն է սահմանել։ Բացի դրանից, ԱՄՆ-ն ՀՀ կառավարության հետ շփումների մեջ է՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են էլ ավելի սերտ համագործակցել այս ոլորտում։

«Կարծում եմ, նրանք գիտակցում են դա: Նույնիսկ ԱՄՆ-ում … որոշ համայնքներ ավելի լավն են, քան մյուսները՝ այն առումով, թե որքան զարգացած են և ինչպես են հասնում դրան: Բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ կառավարությունը գիտակցի դա։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարը: Նա առաջամարտիկներից մեկն է, որն իսկապես հասկանում է թվային տնտեսության և դա կառավարության գործառույթներում ներդնելու կարևորությունը: Այնպես որ, ես ոգևորված եմ այն ամենից, ինչ մենք տեսնում ենք»,- ասաց ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:


 
 
 
 
  • Արխիվ