Ցերերա գաճաճ մոլորակը կարող է հիանալի վայր լինել այլմոլորակային կյանք փնտրելու համար. ինչո՞վ է այն առանձնահատուկ

19 հոկտեմբերի, 2023  18:30

Ցերերա (կամ Սերես) գաճաճ մոլորակի վրա հնարավոր է, որ այլմոլորակային կյանք գոյություն ունենա: Գիտնականներն այս մոլորակի վրա օրգանական ալիֆատիկ մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք այնտեղ հավանաբար հայտնվել են աստերոիդների հետ բախումների արդյունքում։ Իսկ օրգանական մոլեկուլները, ինչպես գիտեք, անհրաժեշտ են մոլորակի վրա կյանքի գոյության համար։

2017-ին գիտնականները, վերլուծելով NASA-ի Dawn տիեզերանավի տվյալները, ալիֆատիկ մոլեկուլներ էին հայտնաբերել Ցերերայի վրա հարվածի հետևանքով առաջացած 51 կմ լայնությամբ խառնարանի մոտ և սկսել էին ուսումնասիրել մոլեկուլների ծագումը: Անդալուսիայի (Իսպանիա) աստղաֆիզիկայի ինստիտուտի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս օրգանական միացությունները կարող են ավելի տարածված և կայուն լինել, քան ենթադրվում էր ի սկզբանե և, այնտեղ դրանք հավանաբար հայտնվել են աստերոիդների հարվածների հետևանքով։

NASA-ի՝ Էյմսում (Կալիֆոռնիա) գտնվող Ames Vertical Gun Range հրաձգարանում իրականացված փորձերի ժամանակ գիտնականները նմանակել են հարվածի այնպիսի պայմաններ, ինչպիսին կարող էր լինել Ցերերայի վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատել է կապը աստերոիդների բախումների և մոլորակի վրա օրգանական միացությունների հայտնվելու միջև: Համատեղելով Dawn տեսախցիկի և պատկերային սպեկտրոմետրի տվյալները՝ հետազոտողները կարողացել են ավելի մանրամասն քարտեզագրել օրգանական նյութերով հարուստ շրջանները՝ պարզելով, որ օրգանական նյութերը հայտնաբերվել են հենց այն վայրերում, որտեղ աստերոիդները ներգործել են:

Ինչպես նշել է հետազոտության համահեղինակներից Խուան Ռիզոսը, թեև այս օրգանական նյութերի ճշգրիտ ծագումը մնում է առեղծված, գնալով ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ դրանք, հավանաբար, առաջացել են Ցերերայի վրա և, հնարավոր է, ջրի առկայության դեպքում: Այս հայտնագործությունը հուշում է Ցերերայի վրա զգալի ծավալով օրգանական նյութերի ռեզերվուարի առկայության մասին, ինչը մեծացնում է դրա աստղակենսաբանական նշանակությունը:

Ցերերայի հետագա ուսումնասիրության կարևորության մասին է վկայում 2023-2032 թվականների մոլորակային գիտության և աստղակենսաբանության տասնամյա ուսումնասիրությունը, որն այս մոլորակը համարում է գերառաջնահերթ թիրախ ապագա հնարավոր նմուշառման առաքելությունների համար: Զուգահեռաբար, NASA-ի Lucy առաքելությունը մտադիր է հետազոտել 10 տրոյական աստերոիդներ, ինչը թույլ կտա համեմատության հիման վրա ​​վերլուծել Ցերերայի և տրոյական աստերոիդների բախման պատմությունը և դրանց կազմը: Ակնկալվում է, որ նման հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են օրգանական մոլեկուլները տարածվում արեգակնային արտաքին համակարգում:


 
 
 
 
  • Արխիվ