Չափազանց սարսափելի և դաժա՞ն․ նոր խաղը՝ The Callisto Protocol-ը, արգելվել է Ճապոնիայում, շուտով կթողարկվի այլ երկրներում

28 հոկտեմբերի, 2022  20:12

Սարսափ խաղերը սովորաբար սարսափելի են և դաժան, սա է ժանրի ամբողջ իմաստը: Բայց նոր The Callisto Protocol-ը կարծես թե գերազանցել է ժանրի մյուս խաղերին: Քանի որ խաղը չափից դուրս շատ արյուն և բռնություն է պարունակում, այն չի թողարկվի Ճապոնիայում, ըստ Screenrant-ի, խաղը չի կարողացել ստանալ տարիքային անհրաժեշտ վարկանիշը:

Տեղական կարգավորողը՝ CERO-ն (Computer Entertainment Ratings Organization), խաղը մշակող ընկերությանը խնդրել է փոփոխություններ անել խաղում, որպեսզի այն համապատասխանի տարիքային չափանիշներին, սակայն մշակողը հրաժարվել որևէ բան փոխել՝ ասելով, որ եթե խաղում լինեն ավելի քիչ դաժան սպանություններ և բռնության ավելի քիչ տեսարաններ, ապա դա կազդի օգտատերերի փորձառության և խաղից ստացված տպավորությունների վրա։

The-Callisto-Protocol

Այլ երկրներում խաղը կթողարկվի դեկտեմբերի 2-ին և հասանելի կլինի սեղանի անհատական համակարգիչների, PlayStation 4, PlayStation 5, Xbox One և Xbox Series X/S սարքերի համար։

Հյուսիսային Ամերիկայում The Callisto Protocol-ը գնահատվել է ESRB-ի կողմից և կթողարկվի որպես մեծահասակների համար (17+) խաղ: Այլ երկրներում խաղին շնորհված վարկանիշների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

The Callisto Protocol սարսափ խաղը մշակում է Striking Distance ստուդիան, որը ղեկավարում է Dead Space շարքի ստեղծող Գլեն Սքոֆիլդը։

Խաղի իրադարձությունները տեղի են ունենում 2320 թ․ Յուպիտերի արբանյակ Կալիստոյի վրա գտնվող Black Steel տիեզերական բանտում։ Գլխավոր հերոս Ջեյկոբ Լին վթարից հետո հայտնվում է Կալիստոյում և իմանում, որ բանտում հսկայական թվով սարսափելի մուտանտներ կան։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ