iPhone 15 Pro-ն գերտաքանում է. Apple-ը խոստացել է լուծել խնդիրը

2 հոկտեմբերի, 2023  14:48

Նոր iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը գերտաքանում են, և Apple-ն ընդունել է այս խնդիրը: Ըստ Bloomberg-ի՝ խնդիրը ծրագրային է, և այն շտկելու համար պետք չի լինի դանդաղեցնել պրոցեսորը:

Օգտատերերը նկատել են iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի գերտաքացման խնդիրը նոր սմարթֆոններն օգտագործելուց անմիջապես հետո։ Այն հայտնվում է օգտագործման առաջին օրերին, հաճախ որոշ հավելվածներում, որոնք օպտիմիզացված չեն նոր սարքերի համար:

Apple-ը հաստատել է, որ սա ծրագրային ապահովման խնդիր է և կապված չէ տիտանի շրջանակի կամ A17 Pro չիպի հետ: Բացի այդ, ընկերությունը պնդում է, որ սմարթֆոնների կորպուսի նոր նյութերն ավելի արդյունավետ են կատարում ջերմահեռացման իրենց գործառույթները, քան նախորդ տարբերակները։

Գերտաքացման խնդիրը լուծելու համար Apple-ն արդեն սկսել է համագործակցել հավելվածներ մշակողների հետ՝ օպտիմալացնելու իրենց հավելվածները iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի վրա: Այս մշակողներից ոմանք արդեն թողարկել են թարմացումներ՝ ուղղումներով:

Սպասվում է, որ գերտաքացման խնդրի լուծումը կներկայացվի առաջիկա iOS-ի թարմացման ժամանակ: Օգտատերերին խորհուրդ է տրվում հետևել հասանելի թարմացումների մասին ծանուցումներին, քանի որ թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել:

Գերտաքացման խնդիրը նկատելի դարձավ հանրահայտ Genshin Impact խաղի վրա խաղային թեստից հետո, որտեղ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը ցույց տվեցին ավելի քիչ կայուն կատարում՝ համեմատած Android-ի որոշ մրցակիցների: Սակայն հաշվի առնելով Apple-ի արագ արձագանքը, օգտատերերը կարող են ակնկալել այս խնդրի արագ լուծում:


 
 
 
 
  • Արխիվ