Ստեղծվել է հրթիռի շարժիչ, որը եղունգի մեծության է և աշխատում է ջրով

21 սեպտեմբերի, 2023  12:25

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ստեղծել են հրթիռային փոքրիկ շարժիչ` ICE-Cube Thruster-ը (Iridium Catalysed Electrolysis CubeSat Thruster)։ Այն այնքան փոքր է, որ պատրաստված է մեթոդով, որն օգտագործվում է կիսահաղորդիչ չիպերի արտադրության ժամանակ: Շարժիչը նախատեսված է կոմպակտ արբանյակների համար, ինչպիսիք են կուբսատ արբանյակները (CubeSat), տեղեկացնում է Newsatlas.com-ը:

Պարբերականը բացատրում է, թե քանի որ տիեզերական արձակումների մինչև 90%-ը ենթադրում է մինչև 10 կգ կշռող կուբսատների տեղակայում Երկրի ցածր ուղեծրում, դրանցից շատերը սովորական սմարթֆոնից մեծ չեն: Նման տիեզերանավերի համար անհրաժեշտ չափի բաղադրիչներ ստեղծելը շատ դժվար է։ Եվ այդ խնդիրներից մեկը հրթիռային շարժիչների ստեղծումն է՝ հաշվի առնելով նման արբանյակների ֆիզիկական սահմանափակումները։ Այս դեպքում շարժիչները պետք է լինեն ոչ միայն փոքր, այլև հնարավորինս պարզ, ոչ վակուումային, ցածր հզորության և դրանցում չպետք է օգտագործվեն թունավոր նյութեր։

Եվրոպական տիեզերական գործակալության ֆինանսավորմամբ մշակված ICE-Cube Thruster շարժիչի երկարությունը մոտ 2 սմ է, իսկ այրման խցիկի և վարդակի երկարությունը՝ ընդամենը 1 մմ։ Շարժիչի աշխատանքի համար պահանջվում է ընդամենը 20 Վտ էլեկտրական հոսանք: Փորձարկման ընթացքում շարժիչը ստեղծել է 1,25 միլինյուտոն մղում 185 վայրկյան շարունակական իմպուլսի պարագայում։ Համեմատության համար նշենք, որ սա կես միլիարդ անգամ պակաս է տիեզերական շարժիչներում ստեղծվող մղման ուժից:

Սակայն այս միկրոշարժիչի յուրահատկությունը ոչ թե մղման ուժն է, այլ այն, որ որպես վառելիք այն օգտագործում է սովորական ջուր։ Էլեկտրական հոսանքի միջոցով տեղի է ունենում էլեկտրոլիզ, այսինքն՝ ջրից անջատվում են ջրածինը և թթվածինը, որոնք մղվում են դեպի այրման խցիկ, որտեղ էլ տեղի է ունենում այրումը՝ ստեղծելով արբանյակի մանևրի համար անհրաժեշտ մղման ուժ։

Ջրի օգտագործումը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլև նվազեցնում է սարքի ընդհանուր քաշը, քանի որ դրա պահպանման և մատակարարման համար բարդ համակարգեր չեն պահանջվում: Այնուամենայնիվ, շարժիչի համար այրման խցիկ և վարդակ պատրաստելու համար գիտնականներն ստիպված են եղել դիմել միկրոէլեկտրոնիկայի և միկրոէլեկտրամեխանիկական համակարգերի տեխնիկայի մեթոդներին, որոնք սովորաբար օգտագործվում են սիլիկոնային վաֆլիների մշակման համար՝ միկրոմետրից ցածր ճշգրտությամբ չիպերի արտադրությունում։ 


 
 
 
 
  • Արխիվ