Այսօր հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 115 տարեկան

18 սեպտեմբերի, 2023  16:05

Այսօր հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 115 տարեկան։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, ով հիմնարար ներդրում է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բազմաթիվ ոլորտներում։

Աստղային էվոլյուցիայի և գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ նրա հեղափոխական աշխատանքները բեկումնային եղան աստղաֆիզիկայի զարգացման համար և կյանքի կոչեցին մեր մինչ այդ անփոփոխ թվացող Տիեզերքը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի մամլո ծառայությունը, Համբարձումյանը նաև ուներ գիտության կազմակերպման մեծ ջիղ, նա կարևոր քաղաքական և հասարակական գործիչ էր։ Նա Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) և Երևանի պետական համալսարանների աստղաֆիզիկայի ամբիոնների, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և «Աստղաֆիզիկա» ամսագրի հիմնադիրն է, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։

Համբարձումյանը զբաղեցրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնը 1946-1988թթ․, Հայաստանի ԳԱԱ նախագահի պաշտոնը՝ 1947-1993թթ, Միջազգային աստղագիտական միության նախագահի պաշտոնը՝ 1961-1964թթ և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնը՝ 1968-1972թթ։

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում (Թբիլիսի): Համբարձումյանը զգալի ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառներում:

Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947թ-ին հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։ Գալակտիկայում աստղասփյուռների՝ դինամիկորեն անկայուն և քայքայվող համակարգերի գոյությունը առաջին դիտողական ապացույցն էր՝ հօգուտ այդտեղ աստղերի այժմ էլ ընթացող ձևավորմանը:

Համբարձումյանը առաջ է քաշել վարկած միջաստղային նյութի և անհայտ բնույթի խիտ նյութով աստղերի՝ նախաաստղերի համատեղ ծագման մասին։ Համբարձումյանի ուսումնասիրությունները աստղերի և աստղային համակարգերի էվոլյուցիայի վաղ փուլերի վերաբերյալ բավականին կարևոր են։ Նա ցույց է տվել, որ էվոլյուցիայի վաղ փուլերում անկայուն վիճակն ինքնաբացահայտվում է՝ լինելով տիեզերածնական գործընթացների կանոնավոր փուլը։

Այս արդյունքների թվում պետք է նշել Գալակտիկայում դրական ընդհանուր էներգիայի աստղային համակարգերի առկայության, աստղային գերմանուշակագույն ճառագայթման ոչ ջերմային բնույթի T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի մասին եզրակացությունները։

Համբարձումյանը նոր հիմնարար արդյունքներ է ստացել գալակտիկաների էվոլյուցիայի ուսումնասիրության մեջ։ Առաջին անգամ ցույց է տվել, որ գալակտիկաների կենտրոնական հատվածները՝ նրանց միջուկները, որոշիչ դեր են խաղում գալակտիկաներում նկատվող անկայուն երևույթներում։ Բացի աստղերից և դիֆուզ նյութից դրանք պետք է պարունակեն անհայտ բնույթի խիտ զանգվածով մարմիններ: Գալակտիկական միջուկների ակտիվությունը սահմանում է նրանց էվոլյուցիան: Ներկայումս ակտիվ գալակտիկական միջուկները (ԱԳՆ/AGN) արտագալակտիկական աստղագիտության ամենամանրամասն ուսումնասիրվող մարմիններն են:

Համբարձումյանն արժանացել է մի շարք երկրների պետական մրցանակների, շքանշանների և մեդալների․

  • 1940` Հայաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
  • 1968՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
  • 1968թ.՝ Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
  • 1978թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
  • 1994թ.՝ Հայրենիքի շքանշան և «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչում
  • Եվ շատ այլ մրցանակներ։

Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:

2010թ-ին ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից այլ գիտությունների կարևորագույն մրցանակներից մեկն է, որը շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ավանդ ունեցած ականավոր գիտնականներին՝ անկախ երկրից և ազգությունից։


 
 
 
 
  • Արխիվ