Ինչո՞ւ է Արեգակի արտաքին մթնոլորտը զգալիորեն ավելի տաք, քան դրա մակերեսը. գիտնականները մոտ են 65-ամյա գաղտնիքի բացահայտմանը

18 սեպտեմբերի, 2023  22:22

Արեգակի մթնոլորտի ջերմաստիճանը անհավանականորեն բարձր է. այն հասնում է միլիոն աստիճանի, ինչը 150 անգամ գերազանցում է աստղի մակերեսի ջերմաստիճանը։ Ավելի քան 6 տասնամյակների ընթացքում գիտնականները չեն կարողացել հասկանալ, թե ինչպես կարող է նման բան լինել, չէ՞ որ ընդունված է համարել, որ ջերմաստիճանը պետք է փոքրանա ջերմության աղբյուրից հեռանալիս։ Իսկ այժմ գիտնականները, թվում է, մոտեցել են այս գաղտնիքը պարզելուն՝ Solar Orbiter եւ Parker Solar Probe տիեզերասարքերի ինքնատիպ համագործակցության շնորհիվ:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել տուրբուլենտության պրոցեսին, որը, ենթադրաբար, կարեւոր դեր է խաղում Արեւապսակի ջերմացման գործում։ Նրանք այն համեմատել են գավաթի մեջ սուրճը խառնելու հետ. էներգիան փոխանցվում է խոշոր մասշտաբներից ավելի փոքրերին, ներառյալ փոխգործակցությունն առանձին մասնիկների, հիմնականում պրոտոնների հետ՝ տաքացնելով դրանք։ Արեւապսակում առկա մագնիսական դաշտերը լրացուցիչ ուժեղացնում են այդ պրոցեսը։

Այս երեւույթի ավելի հանգամանալից ուսումնասիրման համար գիտնականներն օգտագործել են Solar Orbiter եւ Parker Solar Probe տիեզերասարքերը։ Solar Orbiter-ն իրականացրել է հեռահար զոնդավորում, ինչպես նաեւ կատարել է Արեւին մոտ չափումներ, ինչը թույլ է տվել ստանալ ավելի լիակատար պատկերացում հետազոտվող պրոցեսների մասին։

Կարեւոր պահ է դարձել Solar Orbiter-ի մանեւրը, որը ներառել է 45 աստիճան շրջադարձ եւ շեղում նախնական ուղեգծից։ Սա ռիսկային քայլ է, բայց դրա շնորհիվ սարքը կարողացել է կենտրոնանալ որոշակի հատվածում եւ Parker Solar Probe-ի հետ միասին հավաքել կարեւոր տվյալներ։

Նոր չափումները համեմատելով ֆիզիկոսների տեսական կանխատեսումների հետ՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տուրբուլենտության դերը Արեւապսակի տաքացման գործում հաստատվում է։ Այս կարեւոր հայտնագործությունը թույլ է տալիս ավելի հանգամանալիորեն ուսումնասիրել այդ պրոցեսի մեխանիզմները եւ ընդլայնել գիտելիքներն Արեգակի մասին։

Նախագծում աշխատող գիտնականներից մեկը՝ Դանիել Մյուլլերը (Daniel Müller), նշել է, որ այս աշխատանքը նոր գլուխ է բացում հետազոտություններում եւ այն զգալի առաջընթաց քայլ է անվանում Արեւապսակի տաքացման խնդրի լուծման հարցում։ Այժմ գիտնականները հնարավորություն ունեն ավելի լավ հասկանալու այդ զարմանալի տիեզերական մարմնում տեղի ունեցող պրոցեսները։


 
 
 
 
  • Արխիվ