Ֆրանսիայում iPhone 12-ի վաճառքը կարող է արգելվել. ի՞նչն է պատճառը

13 սեպտեմբերի, 2023  18:33

Ֆրանսիան կարող է արգելել iPhone 12 սմարթֆոնների վաճառքը՝ դրանցում հայտնաբերված էլեկտրամագնիսական ճառագայթման վտանգավոր մակարդակի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի թվային էկոնոմիկայի փոխնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունները։

Ֆրանսիական կարգավորող մարմնի փորձագետները, որոնք պատասխանատու են ռադիոհաճախականությունների վերահսկման համար (ANFR), iPhone 12-ում էլեկտրամագնիսական ճառագայթման բարձր մակարդակ են հայտնաբերել: ANFR-ի լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ այս սմարթֆոնն արտանետում է 5,74 Վտ/կգ, մինչդեռ թույլատրելի առավելագույն մակարդակը կազմում է 4 Վտ/կգ։

Ըստ Բարոյի՝ խնդիրը կարող է լուծվել iPhone 12-ի համար ծրագրային ապահովման թարմացում թողարկելու միջոցով: Ֆրանսիան Apple-ին երկու շաբաթ ժամանակ է տվել նման թարմացում մշակելու և թողարկելու համար: Եթե ​​այս պահանջը չկատարվի, Ֆրանսիան սպառնում է արգելել iPhone 12-ի վաճառքը երկրում և պահանջել, որպեսզի հետ կանչվեն արդեն վաճառվածները։

Apple-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի արել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ