Google Pixel 8-ը և Pixel 8 Pro-ն առաջին անգամ ցուցադրվել են պաշտոնական տեսանյութում

8 սեպտեմբերի, 2023  10:24

Google-ը հրապարակել է իր Pixel 8 և Pixel 8 Pro առաջատար սմարթֆոններին նվիրված առաջին պաշտոնական վիդեո թիզերը՝ այդպիսով, հաստատելով այս սարքերի դիզայնը։ Ընկերությունը ցուցացրել է նաև իր նոր խելացի ժամացույցը։

Ընկերությունը հրապարակել է երկու տեսանյութ, որոնցից առաջինն ամբողջությամբ նվիրված է Pixel 8 և Pixel 8 Pro սմարթֆոններին։ Երկրորդ տեսանյութում առաջին անգամ ցուցադրվում է Pixel Watch 2 նոր խելացի ժամացույցը։ Դատելով լուսանկարից՝ նոր արտադրանքն առանձնապես չի տարբերվի առաջին սերնդի ժամացույցներից։

Google-ի նոր արտադրանքների շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, տեսանյութերում ևս նշված է շնորհանդեսի ամսաթիվը։ Նաև նույն օրը կսկսվեն նախապատվերները։ Այս օրը կարող է ներկայացվել նաև Pixel Buds Pro ականջակալը՝ նոր գույնով։

Pixel Watch 2.jpg (80 KB)

Սմարթֆոնների շնորհանդեսից առաջ ընկերությունն արդեն երկու անգամ ցուցադրել է Pixel 8 Pro սմարթֆոնը, մեկը, ըստ լուրերի, պատահաբար, իսկ երկրորդ դեպքում ընկերությունը ներկայացրել էր առցանց սիմուլյատոր, որը բոլոր կողմերից ցուցադրում էր հեռախոսը։

Ի դեպ, Pixel 8 Pro-ն պահպանել է SIM քարտի բնիկը, ինչը հերքում է լուրերն այն մասին, որ նոր սմարթֆոնը թողարկվելու է միայն eSIM տարբերակով։ Այն հավանաբար կստանա 5G mmWave ցանցերի աջակցություն, ինչպես նաև 5x օպտիկական խոշորացումով հեռաֆոտո մոդուլ։

Google-ի Pixel շարքի մոդելները զգալիորեն ավելի թանկ կլինեն նախորդ սերնդի սմարթֆոնների համեմատ։ GSMArena կայքը, հղում անելով անանուն աղբյուրին, գրել էր, որ Google Pixel 8-ի բազային տարբերակը (128 ԳԲ) կառաջարկվի 874 եվրո (մոտ 940 դոլար) գնով, 256 ԳԲ հիշողությամբ տարբերակը՝ 949 եվրո (մոտ 1020 դոլար), Pixel 8 Pro-ի 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակը կարժենա 1235 եվրո (1330 դոլար), իսկ 256 ԳԲ տարբերակը՝ 1309 եվրո (1410 դոլար): Իր գնով զարմացնում է 512 ԳԲ հիշողությամբ ամենահզոր մոդիֆիկացիան՝ 1461 եվրո (մոտ 1575 դոլար):


 
 
 
 
  • Արխիվ